Մատչելիության հղումներ

Ծանրաբեռնված Լարսի անցակետի այլընտրանքը, ըստ գործարարի, անհրաժեշտ է. նախարարն ասում է` մի քանի օրից կսկսի գործել


Մի քանի օրից կսկսի գործել Ռուսաստանից դեպի Վրաստան բեռներ փոխադրող լաստանավային ծառայությունը, որից պետք է օգտվեն Հայաստան բեռներ փոխադրողները, կառավարության նիստից հետո հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հիմա վերջնական աշխատանքներն ենք անում, շուտով կհրապարակվի չվացուցակը», - ասաց նա:

Միայն թե վերջին ամիսներին նախարար Քերոբյանն արդեն մի քանի անգամ նշել է մոտավոր ժամկետներ, երբ ծառայությունը պետք է հասանելի դառնար, բայց լաստանավերը փոխադրումներ դեռ չեն անում։ Մայիսի 5-ի կառավարության նիստին որպես ժամկետ նախարարը հնչեցրել էր հունիսի 15-ը, երբ Հայաստանը Վրաստանի Փոթի նավահանգստից կսկսեր գործարկել լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը դեպի Ռուսաստանի Կավկաս նավահանգիստ։ Քերոբյանն ասում է՝ նոր բարդություններ առաջացան ուկրաինական պատերազմի պատճառով:

«Սպասենք 1-2 օր, մի քանի օր սպասենք, և վստահ եմ, որ արդյունքը կլինի, և մենք մոտակա օրերին… Այո, դա հեշտ հարց չէր, մանավանդ որ զուգորդվում է այսպիսի ծանր աշխարհաքաղաքական փոփոխություններով և ճնշմամբ», - հավելեց նախարարը:

Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է ու արտահանման գլխավոր շուկան. 2022-ի առաջին կեսին հայ-ռուսական փոխադարձ առևտուրը կազմել է Հայաստանի արտաքին ողջ առևտրի գրեթե ⅓-ը։ Հայաստանից Ռուսաստան և հակառակը բեռներն անցնում են Լարսի անցակետով։ Խիստ սահմանափակ թողունակությամբ անցակետը գրեթե միշտ խցանված է ոչ միայն նեղ ճանապարհի, այլև երբեմն էլ վատ եղանակների պատճառով, ժամանակ առ ժամանակ այստեղ կանգնած բեռնատարների հերթը հասնում է կիլոմետրերի։

«Եթե մենք ունենք ազատ ճանապարհ, ոչ մի խնդիր չկա, մենք հասնում ենք ռուսական մաքսատուն, ձևակերպում ենք, օրինակ, Երևանից հասանք Մոսկվա 4 օրում, բայց երբ ունենք հերթ, երբ ունենք Բաթումից եկող հոսքը և Երևանից գնացող հոսքը, ինքը գրեթե 10 անգամ ավելացնում է այդ ժամանակահատվածը, այսինքն` մենք կանգնում ենք այնքան, մինչև ազատվի, ճանապարհ բացվի, որ մեր մեքենաները թողնեն», - ասում է Նորայր Գևորգյանը:

Նրա բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության մեքենաները վերջին անգամ Հայաստանից դուրս են եկել հուլիսի 21-ին, բեռները Մոսկվայում դատարկել են միայն 2 օր առաջ` ճանապարհին անցկացնելով 18 օր, որից 16 օրը՝ պարզապես հերթերում կանգնած։

«Լարսն այդ հոսքին չի կարողանում դիմանալ, դա առաջին ֆակտորը, երկրորդ ֆակտորը` բուն մարդկային, այսինքն` ռուսական մաքսավորներն աշխատում են ավելի քիչ արդյունավետ, քան աշխատում են, օրինակ, Հայաստանի կամ Վրաստանի մաքսավորները, և երրորդը` իր ռելիեֆային կամ տեղանքի առանձնահատկությունը, որ այդ ճանապարհը լայնացնել ուղղակի հնարավոր չէ», - նշեց նա:

Հենց այս խնդիրները լուծելու համար Հայաստանի կառավարությունը փորձում է գտնել այլընտրանքային ճանապարհ, որը կարող է լինել վրացական Փոթի նավահանգիստը ռուսական Կովկասին կապող լաստանավային ծառայությունը, այն իր հերթին շարունակ ձգձգվում է։ Այս մասին խոսեց նաև Հայաստանի վարչապետն իր վերջին ասուլիսի ընթացքում՝ 1,5 ամիս առաջ։

«Մենք ամեն օր ենք սպասում և ամեն օր ենք ուզում դա անել: Մենք ընդհանրապես նախատեսում էինք, որ հունիսի կեսից պետք է դա գործարկվի, բայց դե այդտեղ էլ խնդիրներն էլի ընդհանուր իրավիճակի, պատժամիջոցային գործողությունների հետ են կապված», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Վերին Լարսի չափազանց ծանաբեռնված անցակետն էլ ավելի լարված է աշխատում ուկրաինական պատերազմից հետո, քանի որ Արևմուտքից Ռուսաստան փոխադրվող բազմաթիվ բեռներ, որոնք նախկինում անցնում էին Ուկրաինայի տարածքով, հիմա անցնում են Թուրքիայով` կրկին հայտնվելով նույն անցակետում, որից կախված է Հայաստանի առևտուրը Ռուսաստանի հետ։

«Եթե կարողանանք օգտագործել այդ հնարավորությունը, այսինքն` գոնե ունենալ շաբաթական երկու, ինքն ինչ-որ չափով կթեթևացնի Հայաստան եկող բեռների շարժը, գոնե կարագացնի», - ասում է Նորայր Գևորգյանը:

Եթե ի վերջո լաստանավային ծառայությունն աշխատի, այն մատչելի չի լինելու, սակայն գործարարի խոսքով` երբեմն ավելի հարմար է վճարել, քան հերթում սպասել 20 օր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG