Գյումրեցի գործարար Ցոլակ Չադրյանը 4 տարի առաջ է հիմնել վարդերի ջերմոցը: Ասում է՝ բիզնեսը հիմնելու ու ընդլայնելու ընթացքում խնդիրները հաղթահարում են, արտադրանքը թողարկում, բայց երբ հերթը հասնում է իրացմանը, այստեղ արդեն թևաթափ են լինում։
Վարդերը հիմնականում ԵԱՏՄ երկրներ են արտահանում, մեծ մասը՝ Ռուսաստան։ Իսկ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Վերին Լարսը կարող է եղանակի պատճառով շաբաթներով փակ լինել, ծաղիկները այդ ընթացքում փչանում են։
«Մեքենաները արդեն մի ամսից ավելի սահմանին կանգնած են», -ասաց Չադրյանը:
Արտահանման հետ կապված խնդիրները Չադրյանը օրերս նաև Գյումրիում խորհրդարանի գյուղատնտեսության հանձնաժողովի արտագնա նիստում է ներկայացրել՝ ընդգծելով, որ նման դժվարությունները կարող են գործարարներին սնանկացնել։ Չադարյանը նաև կառավարությանն է առաջարկ ներկայացրել. «Երբ որ էդ ճանապարհի հետ խնդիր է լինում, էդ բոլոր խնդիրների մասին արդեն մոռանում ես, որովհոտև դու արդեն ունես պատրաստի արտադրանք, որը չես կարող վաճառել ճանապարհները փակ լինելու պատճառով: Ես կառավարությանը մի քանի անգամ առաջարկություններ եմ արել, որպեսզի լոգիստիկ կենտրոնն ստեղծեն և այդ ճանապարհի հարցն առաջնային լուծում ստանա»:
ԱԺ-ի գյուղատնտեսության հանձնաժողովի նիստին մասնակցող էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ասում է՝ կառավարությունը որպես Լարսին այլընտրանք լաստանավով բեռնափոխադրումների մի ծրագիր է հաստատել, փոխնախարարը սակայն, չի հստակեցնում, թե երբ կգործի ծրագիրը:
«Կառավարությունը նախորդ նիստի ժամանակ հաստատեց այդ ծրագիրը և կառավարությունը կփոխհատուցի, այդպիսով կփորձենք շրջանցել Լարսի անցակետը: Այդ նախագծի արդեն կիրառման արդյունքում, կարծում եմ, որ ինչ-որ չափով լուծում կստանա ձեր բարձրացրած հարցը», - ասաց Խոչոյանը:
Ռուս-ուկրաինական պատերազմի, աննախադեպ պատժամիջոցների հետևանքով տնտեսական վատ վիճակում հայտնված Ռուսաստանին արդյոք կհետաքրքրե՞ն հայկական վարդերը։ Չադրյանն ասում է՝ տնտեսական պատժամիջոցները հայաստանյան վարդ արտահանողների համար մեծ շուկա են բացում:
«Այն երկրները, որոնք մատակարարում են վարդ, իրենք, բնականաբար, այս պահին չեն մատակարարում, որովհետև խզել են հարաբերությունները Ռուսաստանի հետ: Շատ լավ դաշտ է բացվել, այդ հատվածը մենք գրավենք: Ես միշտ դրա մասին ասել եմ, որ ամեն վատ բանի մեջ կարելի է լավը գտնել: Հիմա մեր խնդիրը Ռուսաստանի հետ այդ ճանապարհը կանոնակարգելն է, որպեսզի մենք անխոչընդոտ, անընդհատ պայմաններում այդ վարդն արտահանենք: Ամբողջ աշխարհն ինչո՞ւ է հզորանում, այն երկրները, որոնք արտահանում են անում, դրսից գումար են բերում, իրանք հզոր երկրներ են», - ընդգծեց գործարարը:
Բիզնեսը հիմնելու համար Չադրյանը կես միլիոն դոլարի վարկ վերցրել, նախորդ 3 տարիներին համավարակի և պատերազմի պատճառով վարկը դժվարությամբ է մարել։ Կարծում է՝ այդ դժվարին ժամանակներում կառավարությունը պետք է գոնե մանր ու միջին բիզնեսի վարկային պարտավորությունները հետաձգեր:
Ջերմոցային տնտեսությունները մեծ ծավալի գազ սպառողներ են։ Շիրակի մարզում, ի տարբերություն Արարատյան դաշտավայրի, ջեռուցման սեզոնը երեքի փոխարեն վեց ամիս է տևում, ջերմոցատերերն էլ նույն հարկերն են վճարում։ Գործարարի կարծիքով՝ գոնե գազի գնի հարցում տարբերակված մոտեցում պետք է ցուցաբերվեր:
«Ավելի խստաշունչ գոտի ենք համարվում, այստեղ գազի գնի շուրջ որոշակի սուբսիդավորում, մի խոսքով, նույնիսկ վերաբերմունք է արդեն, ուղղակի տեսնում ես, որ 203 տարի ոչ ոք չի մոտենում: Հա, հասկացանք, որ անձնական բիզնես է, բայց ամեն դեպքում այստեղ մարդիկ են աշխատատեղեր ստեղծել», - ասաց նա:
Ամեն դեպքում, Չադրյանը դժգոհելու կողմնակից չէ, ասում է՝ թող տպավորություն չստեղծվի, թե Շիրակի մարզում ջերմոցային տնտեսություն հիմնելն անեկամտաբեր է, առավելություններ էլ կան՝ ջուրն է լավը, արևային օրերն էլ ավելի շատ են: Խնդիրը արտադրանքի իրացումն է: