Մատչելիության հղումներ

«19 օր ա կանգնած ենք ստեղ». Լարսը փակ է, հարյուրավոր բեռնատարներ խցանման մեջ են


Բեռնատարի վարորդ Ազատ Դավթյանը շուրջ 20 օր է խցանման մեջ է։ Վերին Լարսը փակ է՝ թե՛ ռուսական և թե՛ վրացական կողմից։ Սա Հայաստանը Վրաստանի միջոցով Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհն է։ Ազատն ասում է՝ հարյուրավոր բեռնատար մեքենաների վարորդներն անհանգստացած են՝ եթե մեքենայի վառելիքն ավարտվի, բեռը կփչանա, իրենք էլ կցրտահարվեն։

«Երեք մեքենա ունենք խնձոր բարձած, 19 օր ա կանգնած ենք ստեղ, հեսա սայլարկեն կվերջանա, չգիտեմ ոնց պիտի անենք, բայց մի ձև պիտի անենք», - նշեց Դավթյանը:

Մյուս վարորդը՝ Տիգրան Գաբրիելյանը խցանման մեջ է հայտնվել անցակետի վրացական կողմում՝ Գուդաուրիի ճանապարհին, ասում է՝ հենց դա է խնդրահարույց հատվածը, առատ ձյան պատճառով ոլորաններն անանցանելի են. «Շատ նեղ ա, որ մեր մեքենաները երկար են, շրջադարձերը չեն մտնում, հիմնական խնդիրը էս հատվածներից ա էլի առաջանում: Վերևն ա փակ, շատ նեղ ա, տրակտորները մաքրում են երեկվանից, ուղղակի վերևը քամի կա, իրանք մաքրում են, քամին էլի ճամփեքը փակում ա»:

Տիգրանը լուրջ մտավախություն ունի՝ բարձած մթերքը շուտով անորակ կդառնա. «Խնդիրն էն ա, որ օրական 50-60 լիտր սառնարանի ջերմաստիճանը պահելու համար սայլարկա ա աշխատում, հույսներս էն ա, որ չի փչանա կամ գոնե բեռի որոշակի մասը կպահպանվի: Իմ մոտ լոլիկ ա բարձած՝ +6 աստիճան, բայց հավանականությունը շատ մեծ ա արդեն փչացած լինելու: Ճիշտ ա ռեժիմը դրած ա ջերմաչափի +6, բայց դե մենք էլ բոլորս գիտենք, որ մարտի 1-ի քաղած պոմիդորը ինչքան էլ ռեժիմը պահես, մեկ ա կփչանա»:

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ եղանակային վատ պայմանների պատճառով, ռուսական կողմում 375 մեքենա է խցանման մեջ, վրացական կողմից տվյալներ չունեն։ Բեռնափոխադրող ընկերության սեփականատեր Գուրգեն Վանեցյանը 25 բեռնատար ունի, 25-ն էլ արդեն երեք շաբաթից ավելի խցանման մեջ են՝ մի մասը ռուսական կողմից, մյուս մասը՝ վրացական։ Հեռախոսը չի լռում, վարորդները գումար են խնդրում, որ կարողանան կրկնակի թանկ գնով մոտակա համայնքներ իջնեն ու սնունդ գնեն, բեռների հասցեատերերն էլ անհանգսացած են՝ մթերքը հո չի՞ փչացել։ Բեռնափոխադրողն արդեն հաշվել է իր վնասները։

«Ամեն մեքենան մոտավորապես մոտ մի 20 միլիոն դրամի չափով, իմ կարծիքով, վնաս է, որ բեռը փչանա: Եթե առանց հերթի գնար-գար, մոտավորապես մի 700 հազար դրամ եկամուտ էինք ունենալու: Դե հաշվեք 700 հազար դրամը ու 20 միլիոն դրամը ինչ տարբերություն են տալիս», - ներկայացրեց Գուրգեն Վանեցյանը:

Խցանումների վերջը չի երևում, վարորդները միացել ու շուրջ 4000 հոգանոց խումբ են համացանցում ստեղծել, տեսանյութեր են տեղադրում, թե որտեղ ինչ վիճակ է, մտահոգություններով են կիսվում. բոլորի խնդիրները նույնն են՝ զանգեր բանկերից, որ վարկերն ուշացնում կամ ուշացրել են, ոմանք արդեն սև ցուցակում են հայտնվել, դրան զուգահեռ բեռները փչանում են, վառելիքն ու սնունդը՝ սպառվում և այլն։ «Կա՞ մեկը, որ մեզնով հետաքրքրվում է, էս ամենի վերջն երևո՞ւմ է»,- անհասցե հարց են բարձրացնում վարորդները։

Իշխանություններն ասում են՝ ԱԳՆ-ի ու ՊԵԿ-ի ներկայացուցիչները զբաղվում են, բայց եղանակի վրա ինչպե՞ս ազդեն։ Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը պնդում է՝ սիրով կմոտենան ու կօգնեն բոլորին, բայց ճանապարհները փակ են, հնարավորության սահմանում անում են, ուղղակի չեն կարող, վրացական ու ռուսական ճանապարհներն էլ այդ երկրների հսկողության տակ են:

«Ո՞նց եք պատկերացնում ասենք 150 կմ հերթի մեջ, ճանապարհի եզրին, որտեղ նույնիսկ հնարավոր չէ կանգնել, մոտենալ, իհարկե, կանգնում ենք, ես էլ եմ կանգնում, մոտենում հարցնում եմ, բայց լուծել այդ մարդկանց կենցաղային, սանիտարական խնդիրները ինչպե՞ս եք պատկերացնում: Տարբեր իրավական սուբյեկտների դաշտում են իրենք կանգնած, ճանապարհի եզրին», - նշեց Թանանյանը:

Բեռնափոխադրող «Արիոն Լոջիսթիքս» ընկերության տնօրեն Գուրգեն Վանեցյանն ասում է՝ իր վարորդները դժգոհում են, թե անցակետում խտրական վերաբերմունքի են արժանանում:

«Հայերին լցնում են ստայանկա ու առանց բացատրության այլ ազգերը գալիս անցնում-գնում են, Police-ը բացատրություն չի տալիս, եթե մի քիչ երկարացնում ա մեր հայ վարորդը, բռնում ակտ են գրում վրեն», - պատմեց Վանեցյանը:

Մաքսային կցորդ Արամ Թանանյանը բացառում է խտրական վերաբերմունքի դրսևորումը թե՛ ռուսական և թե՛ վրացական անցակետերում. «Եթե որևէ մեկը որևէ ճանապարհով զարտուղի և այլն, միջոցներ է գտնում ինչ-որ բան անելու, դա էլ կապված չէ ազգային պատկանելությունից, դա պատժվում ա, մեքենան մոտենում ա ձևակերպում են: Վրացին չի կարող ասել՝ դուք կանգնեք, այն վերջի 10-րդը, քանի որ վրացի ա կամ թուրք ա, թող գա անցնի, դա անհնար ա սկզբունքորեն: Էս ճանապարհ երկկողմանի ճանապարհ ա, այսինքն բավական ա մի փոքր խաթարում լինի, միանգամից խցանում կլինի»:

Արամ Թանանյանի տվյալներով՝ մինչև Լարս հասնող ճանապարհին՝ այս պահին 35.000 մեքենա է կուտակվել, դրանցից շուրջ 20 տոկոսը հայկական մեքենաներ են։ Լարսի ձորում նաև մարդատար մեքենաներ են կուտակված։ Ըստ նրա՝ առհասարակ երթևեկության հոսքն է մեծացել, ինչը նույնպես խանգարում է բեռնատարների անցուդարձին։ Պատճառը եղանակն է, ոչ ոք ոչինչ անել չի կարող, պնդում է պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG