Մատչելիության հղումներ

Չնայած հարաբերական կայունությանը շփման գծում լարվածությունը պահպանվում է․ ԼՂ ՊՆ


Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ չնայած հարաբերական կայունությանը լարվածությունը պահպանվում է։

Նախարարությունը նշում է, որ որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են աշխատանքներ իրականացվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանության բանակը նաև հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը չի համապատասխանում իրականությանը:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը ևս հերքել է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի մեղադրանքները։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է հաղորդագրությունում:

Բաքուն հայտնել է, որ «վերջին մեկ օրվա ընթացքում հայկական զինված կազմավորումները, ընդհանուր առմամբ, 10 անգամ կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։

Արցախում իրադրությունը լարվեց անցած շաբաթվա սկզբին։ Հայկական կողմը հաղորդել է երկու զոհի, 19 վիրավորի, Ադրբեջանը՝ մեկ զոհի մասին: Արցախում մասնակի զորահավաք է հայտարարված։ Երեկ Արցախի պաշտպանության բանակը հաղորդեց ևս մեկ վիրավորի մասին։

Օգոստոսի 6-ին Բաքուն հայտարարեց, թե ադրբեջանական ուժերը «ճշգրտումների արդյունքում» վերահսկողություն են հաստատել Լեռնային Ղարաբաղի Բուզդուխ և դրան հարակից բարձունքների վրա։ Ադրբեջանական մամուլում նաև տեսանյութեր են հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանական դրոշ տեղադրվում։ Հայկական կողմը դեռ չի արձագանքել այս հաղորդմանը։

XS
SM
MD
LG