Մատչելիության հղումներ

«Մեր բանակցությունները նոր էջ կբացեն երկու երկրների հարաբերություններում». Էրդողանը` Պուտինին


Աշխարհը հետևում է մեր հանդիպմանը, այսօր Սոչիում Պուտինի հետ հանդիպումը սկսելիս ասել է Թուրքիայի նախագահը։

«Կարծում եմ, որ մեր բանակցությունները նոր էջ կբացեն երկու երկրների հարաբերություններում։ Ես այստեղ ներառում եմ էներգետիկ համագործակցության հարցերը, հացահատիկի արտահանման հարցերը Սև ծովում, զբոսաշրջությունը, տարածաշրջանային հարցերը: Մեզ համար կարևոր է ահաբեկչության դեմ պայքարը տարածաշրջանում։ Այսօր աշխարհը հետևում է Սոչիի բանակցություններին», - նշել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա հստակ չի ասել, թե տարածաշրջանային որ հարցերն են լինելու օրակարգում, սակայն նախօրեին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը չէր բացառել, որ Պուտինն ու Էրդողանը «մտքեր փոխանակեն [Լեռնային Ղարաբաղում] իրադրության սրման հետ կապված»։

Ռուսական և թուրքական մամուլը նույնպես հանդիպումից առաջ գրում էր, որ երկու երկրների ղեկավարները չեն կարող շրջանցել ղարաբաղյան թեման, հատկապես, երբ հանդիպման նախօրեին կտրուկ սրվել է իրավիճակը Լաչինի միջանցքում, իսկ մարտերի հետևանքով կան զոհեր և վիրավորներ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Միխայիլ Շերեշեսվկին նկատելով, որ սրացումը Ղարաբաղում ամենակարևոր թեման չէ Պուտինի և Էրդողանի օրակարգում, ասում է` շրջանցել թեման երկու առաջնորդները չեն կարող. «Այնտեղ տեղակայված ռուսական բանակի ստորաբաժանումները մի քանի հազար հայ զինվորականների և աշխարհազորայինների հետ շրջապատված են 50 հազար ադրբեջանցի զինվորներով, որոնց զինանոցում են մեծ թվով գերճշգրիտ և ծանր զինատեսակներ»։

«Կոմերսանտն» էլ Սոչիում հանդիպմանը նվիրված «Ռուսաստանն ու Թուրքիան» պահում են տեմպը» հոդվածում նկատում է, որ շատ առումներով այսօրվա հանդիպման արդյունքներից է կախված՝ կհաջողվի արդյոք կարգավորել նոր սրացումը Լեռնային Ղարաբաղում, որը կարող է վերածվել լայնածավալ ռազմական գործողությունների։

Էրդողանն ու Պուտինը վերջին անգամ հանդիպել էին մոտ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 19 -ին Իրանում, և տասը հեռախոսազրույց ունեցել միայն այս տարվա ընթացքում։

Քննարկելու հարցերը շատ են, նշում են Մոսկվան ու Անկարան, առանցքայինները՝ Ուկրաինա, Սիրիա, երկկողմ համագործակցություն, այդ թվում` էներգետիկ ոլորտում, հատկապես, որ որոշ հարցեր են առաջացել Աքույու ատոմակայանի շուրջ, որ Թուրքիայում կառուցում է «Ռոսատոմը»։

Պուտինը հանդիպումը սկսելիս շնորհակալություն է հայտնել Էրդողանին ուկրաինական հացահատիկի մատակարարման հարցը լուծելու համար. «Ձեր անմիջական մասնակցությամբ և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի միջնորդությամբ ուկրաինական հացահատիկի մատակարարման հարցը Սև ծովի նավահանգիստներից լուծվել է»:

Էրդողանը թեև դատապարտել է Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու և լայնածավալ պատերազմ սկսելու համար, սակայն արևմտյան պատժամիջոցներին չի միացել, ավելին՝ ստանձնել է միջնորդի դեր։

Սրա հետ մեկտեղ Անկարայի համար կարևորագույն հարցում ՝ Սիրիայում, օրինակ, Թուրքիան լուրջ տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ։ Արդեն տևական ժամանակ է` Էրդողանը պատրաստվում է նոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում գործող քրդական խմբավորումների դեմ, սակայն չի սկսում, քանի դեռ չի ստացել ռուսական կողմի համաձայնությունը։

Թուրք վերլուծաբանները, օրինակ, նշում են` Ռուսաստանը Սիրիայում զգալի ռազմական ներկայություն ունի։ Այդ իսկ պատճառով Թուրքիային անհրաժեշտ է Մոսկվայի հավանությունը, որպեսզի Սիրիայում սպասվող հարձակման ժամանակ այն կարողանա օգտագործել նաև օդուժը։

Պակաս խնդրահարույց չէ նաև Աքույու ատոմակայանի հարցը։ Օրերս «Ռոսատոմը» փոխել է կայանը կառուցող կապալառուին։ Թուրքական IC Ictas ընկերության հետ պայմանագիրը խզվել է ձգձգումների պատճառով, սակայն կապալառուն չի համաձայնել այս որոշման հետ և մտադիր է դատարան դիմել։ Թուրքիայի առաջատար ընդդիմադիր քաղաքական գործիչները հրապարակավ պաշտպանել են ընկերությանը։ Վերլուծաբանները նշում են, որ ներքաղաքական բավականին լարված իրավիճակում հարցը կարող է լուրջ քաղաքական երանգ ստանալ։

XS
SM
MD
LG