ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ Ուկրաինան ու Ռուսաստանը համաձայնության են հասել ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ, կողմերը պատրաստվում են առաջիկա ժամերին համապատասխան փաստաթուղթ ստորագրել Ստամբուլում: Այս մասին երեկ ուշ երեկոյան հայտարարել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Հացահատիկի արտահանման մասին պայմանագրի ստորագրման արարողությունը, որին ներկա կլինեն նախագահ Ռեջեփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, տեղի կունենա ուրբաթ օրը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ», - ասվում է թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրությունում։
Գուտերեշի գրասենյակի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուղևորվել է Թուրքիա, սակայն կառույցի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի խոսքով՝ ՄԱԿ-ում դեռ վստահ չեն գործարքի կնքման հարցում: «Իրավիճակը փոքր-ինչ անորոշ է, այդ իսկ պատճառով ես չեմ կարող ասել՝ երբ կստորագրվի ինչ-որ բան։ Մենք դեռևս ամեն ինչի շուրջ չէ, որ պայմանավորվել ենք», - ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու։
Ռուս - ուկրաինական՝ մոտ հինգ ամիս շարունակվող պատերազմը միջազգային օրակարգ է բերել պարենային ճգնաժամի հարցը, քանի որ միլիոնավոր տոննա հացահատիկ արգելափակված է ուկրաինական նավահանգիստներում և չի կարող հասնել համաշխարհային շուկա: Փորձագետների կարծիքով՝ ուկրաինական հացահատիկի և գյուղատնտեսական այլ ապրանքների արտահանման խափանումը դարձել է պարենի համաշխարհային գների աճի պատճառներից մեկը։
ՄԱԿ-ը որոշ երկրներում, հատկապես՝ Աֆրիկայում, որտեղ մեծապես կախված են ուկրաինական հացահատիկի ներկրումից, սովի վտանգ է կանխատեսում։ Մոսկվան ու Կիևը երկխոսության չեն գնում ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ, բայց հացահատիկի հարցով համաձայնել են բանակցային սեղանի շուրջ նստել՝ ՄԱԿ-ի հորդորով և Անկարայի միջնորդությամբ:
Անցած շաբաթ կողմերի միջև Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, ինչպես հայտարարվել է, նախնական համաձայնություն է ձեռք բերվել հացահատիկի ծովային միջանցքը հնարավորինս կարճ ժամկետներում բացելու շուրջ: Ռուսական, ուկրաինական զինվորական պատվիրակությունները մասնավորապես պայմանավորվել են հրադադար հաստատել «աշխարհագրական սահմանների շրջանակներում» և ականազերծում իրականացնել՝ երթուղիների անվտանգությունն ապահովելու համար։
Մինչ այդ, Ուկրաինան հացահատիկ է արտահանում Դանուբի նավահանգիստներով և ցամաքային ճանապարհով, այդ երթուղիները, սակայն, թույլ են տալիս արտահանել նախապատերազմյան ծավալների միայն մի փոքր մասը:
Փետրվարի 24-ին Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո Սև ծովի ուկրաինական նավահանգիստները՝ հիմնականում Օդեսան և Նիկոլաևը, ռուսական ուժերի կողմից արգելափակված են, Ազովի ծովի նավահանգիստներն էլ՝ գրավված: