Մատչելիության հղումներ

Սոչիում այսօր կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները


Պուտին-Էրդողան հանդիպում Սոչիում, 29-ը սեպտեմբերի, 2021թ․
Պուտին-Էրդողան հանդիպում Սոչիում, 29-ը սեպտեմբերի, 2021թ․

Մի քանի ժամից Սոչիում կմեկնարկի Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հերթական հանդիպումը՝ երկրորդը վերջին երեք շաբաթների ընթացքում։

Ռեջեպ Թայիփ Էրդողանի մեկօրյա այցի մասին հայտնի դարձավ նախորդ շաբաթ։ Նախօրեին Կրեմլը որոշ մանրամասներ հաղորդեց այսօր կայանալիք բանակցությունների օրակարգից։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մասնավորաբար չբացառեց, որ Պուտինն ու Էրդողանն այսօր Սոչիում «մտքեր փոխանակեն [Լեռնային Ղարաբաղում] իրադրության սրման հետ կապված»։

Պեսկովի խոսքով՝ ի դեպ, նախագահների բանակցությունները կարող են և սպասվածից երկար տևել, այդ իսկ պատճառով դրանց ավարտին համատեղ մամուլի ասուլիս նախատեսված չէ։

«Ժամանակի սղության պատճառով՝ թուրքական կողմը չի կարող մասնակցել ասուլիսին։ Հնարավոր է, որ հանդիպումը երկար տևի, իսկ թուրքական պատվիրակությունը դեռ պետք է վերադառնա հայրենիք», - նշում էր Կրեմլի խոսնակը։

Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով

Պեսկովը, սակայն, խոստանում է, որ հանդիպման ավարտին ռուսական կողմը, մասնավորաբար, փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, որոշ մանրամասներ կհաղորդի բանակցությունների արդյունքների վերաբերյալ։

Թե՛ ռուսական և թե՛ թուրքական աղբյուրների փոխանցմամբ, Սոչիի բանակցությունների առանցքային թեման լինելու է Ուկրաինայում շարունակվող պատերազմը։

Ուշագրավ է, որ Պուտինն ու Էրդողանը հանդիպում են ուկրաինական նավահանգիստներում կուտակված հացահատկի դուրսբերման շուրջ քառակողմ պայմանագրի կնքումից հաշված օրեր անց։ Այս փաստաթուղթը սկսեց գործել օգոստոսի 1-ին, երբ Սիերա Լեոնեի դրոշի ներքո նավարկող Razoni բեռնանավը Օդեսայի նավահանգստում պահվող 26 հազար տոննա եգիպտացորենը Բոսֆորի նեղուցով սկսեց տեղափոխել դեպի Լիբանան։ Կրեմլում, սակայն, հատուկ ընդգծում են՝ սա Անկարայի, Մոսկվայի, Կիևի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև կնքված համաձայնագրի կատարման միայն սկզիբն է։

«Սա միանգամյա մեխանիզմ չէ։ Դա մի մեխանիզմ է, որ պետք է ապահովի այն ցորենի արտահանումը, որն այդ նավահանգիստներում է կուտակվել է։ Մենք հուսով ենք, որ հետագայում ևս այդ մեխանիզմը կշարունակի նույնքան արդյունավետորն գործել», - նշում էր Պեսկովը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Սոչիի բանակցությունների մյուս կարևորագույն թեման է լինելու սիրիական կարգավորումը։

Հիշեցնելով, որ Թուրքիան արդեն տևական ժամանակ է պատրաստվում նոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում գործող քրդական խմբավորումների դեմ՝ թուրքական թերթը նաև գրում է․ - «Ռուսաստանը Սիրիայում զգալի ռազմական ներկայություն ունի։ Այդ իսկ պատճառով Թուրքիային անհրաժեշտ է Մոսկվայի հավանությունը, որպեսզի Սիրիայում սպասվող հարձակման ժամանակ այն կարողանա օգտագործել նաև օդուժը»։

«Աքքույու», 2018թ․
«Աքքույու», 2018թ․

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Էրդողանի և Պուտինի քննարկումների ևս մեկ թեման լինելու է Մերսինի մերձակայքում «Աքքույու» ատոմակայանի շարունակվող շինարարությունը։

«Վերջերս հայտնի դարձավ, որ ատոմակայանի շինարարությունն իրականացնող «Ռոսատոմ» ընկերությունը խզել է կապերը իր գործընկեր թուրքական ընկերության հետ, ինչը որոշակի հարցեր է առաջացնում կապված ռուսական կողմի հետագա մտադրությունների հետ», - գրում է Hurriyet-ը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG