Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել:
Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը, ըստ նախարարության, Արցախի ղեկավարության, Պաշտպանության բանակի հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են:
Իրավիճակն օգոստոսի 1-ի առավոտվանից է լարվել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ադրբեջանական ստորաբաժանումները հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել էին հատել շփման գիծը։ Հայկական կողմը կասեցրել էր։ Վիրավորվել է զինծառայող Ալբերտ Բախշիյանը, զինծառայողի առողջական վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Բաքուն հերքել էր այս հաղորդումները։
Սակայն, երեկ երեկոյան Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը նաև հաղորդեց, որ վերջին օրերին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի երեք խախտում է արձանագրվել, ինչի հետևանով «Լեռնային Ղարաբաղի զինված միավորման մեկ ներկայացուցիչ է վիրավորվել»։