Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ կայուն-լարվածությունը պահպանվում է:
«Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար», - ասված է հաղորդագրությունում:
Արցախի պաշտպանության բանակը երեկ երեկոյան հաղորդեց՝ առավոտից Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները «դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով»:
Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմից տուժածներ չկան։ Բաքուն հերքեց հայկական կողմի պնդումները՝ դրանք որակելով «սադրանք և սուտ»։
Ավելի ուշ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։
Նախարարության այսօրվա տեղեկություններով՝ Ալբերտ Բախշիյանի վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։