Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի պաշտոնյան ջնջել է Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը. ըստ թուրքագետի` Անկարայի ճնշմամբ


Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահը Թվիթերի իր պաշոնական էջից ջնջել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցի վերաբերյալ թվիթը։ Հուլիսի 26-ից աշխատանքային այցով Երևանում գտնվող պաշտոնյան երեկ հայտնել էր, որ ծաղեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ու շնորհակալություն էր հայտնել ցեղասպանության թանգարանի տնօրենին ու աշխատակցին շրջայցի համար։

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, լուսանկարը` թանգարանի ֆեյսբուքյան էջից
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, լուսանկարը` թանգարանի ֆեյսբուքյան էջից

Գրառումը պահպանվել է Google որոնողական համակարգում։

Ինչո՞ւ է միջազգային դիվանագետը հեռացրել գրառումը, արդյոք պաշտոնական Անկարայի կոշտ արձագանքն է եղել պատճառը, այսօր Արտաքին գործերի նախարարությունում հյուրընկալվող Աբդուլլա Շահիդն «Ազատության» հարցերն անպատասխան թողեց։

Աբդուլլա Շահիդն անցած օրերին մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել, այդ թվում` նախագահի, ԱԺ նախագահի հետ: Այսօր նրան ընդունեց արտաքին գործերի նախարարը։ Արդյոք նախարար Միրզոյանը հանդիպմանն անդրադարձել է այդ հարցին` նախարարությունից այսօր չհաջողվեց պարզել։

Անկարան կոշտ է արձագանքել` քննադատելով այս այցը

ՄԱԿ-ի քաղաքականություն մշակող գլխավոր մարմնի ղեկավարի համալիր այցին ժամեր անց պաշտոնական Անկարան էր արձագանքել՝ կոշտ քննադատության ենթարկելով պաշտոնյայի քայլը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը երեկ առանձին մամուլի հաղորդագրություն է տարածել։

«Մեր ընկալումն է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների արտաքին գործերի նախարար Աբդուլլա Շահիդի այցը Հայաստան օգտագործվել է հայկական միակողմանի պահանջները բացահայտելու նպատակով, և հենց այդ համատեքստում է, որ նա այցելել է այսպես կոչված` ցեղասպանության հուշահամալիր։

Ակնկալվում էր, որ Պարոն Շահիդը, ով ստանձնում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահությունը, կգործեր արդար և անաչառ կերպով, ավելի զգույշ և պատասխանատու կլիներ այս առումով», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը դատապարտում է և մերժում «քաղաքական շահարկումների միջոցով պատմական փաստերն ու միջազգային իրավունքը խեղաթյուրելու փորձերը»։

«Թուրքիան այն կարծիքին է, որ 1915 թվականի իրադարձությունների հետ կապված փաստերը պետք է լիարժեք, արդար և ազնիվ շրջանակներում դիտարկվեն», - նշել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Անկարան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը. Սաֆրաստյան

Արդյոք թվիթը թուրքական կողմի արձագանքից հետո է ջնջվել, թե առաջ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ անկախ այդ հանգամանքից` մինչ հրապարակային արձագանքը թուրքական կողմն արդեն օտագործել է ներքին խողովակները՝ Աբդուլլա Շահիդի վրա ճնշում գործադրելու համար։

«Ներքին խողովակներով թուրքական կողմը հայտնել է իր դժգոհությունը, որ թվիթը վերացվի, և դա այդպես էլ արվել է։ Այսինքն՝ դա կարող է եղած լինի մինչև պաշտոնական հաղորդագրությունը, որ տարածեց Թուրքիայի արտգործնախարարությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց թուրքագետը։

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նոր գործընթաց սկսած Թուրքիայի արտաքին գերատեսչության նման կոշտ արձագանքը ցույց է տալիս, որ Անկարան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը, ավելին՝ ըստ Սաֆրաստյանի, Անկարան ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել Ցեղապանության հարցում և չի թաքցնում` նախապայմաններ ունի հայ-թուրքական կարգավորման գործընթացում։

Թուրքագետը կարծում է, որ սրան պարտված պատերազմի պատճառով Հայաստանի դիրքերի թուլացումն է նպաստել. «Նաև այն բանի հետևանք է, որ հիմա Թուրքիան իրեն դասում է ավելի մեծ տերությունների շրջանակում, և նա իրեն իրավունք է թույլ տալիս ավելի ագրեսիվ հռետորաբանություն օգտագործի ոչ միայն Հայաստանի հետ կապված, այլ ամենատարբեր հարցերում»:

Պաշտոնական Երևանը թուրքական կողմի հայտարարությանը դեռ չի արձագանքել։

XS
SM
MD
LG