Մատչելիության հղումներ

«Մենք դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց՝ առանց նախապայմանների»․ Սաղաթելյան


Ընդդիմությունն առհասարակ դեմ չէ Թուրքիայի հետ սահմանների բացմանը, հարաբերությունների հաստատմանը և կոմունիկացիաների ապաշրջափակմանը, եթե դա լինի ազնիվ, արդար ճանապարհով, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մեկ ժամում, մեկ դիվանագիտական նոտայով կարելի է հաստատել հայ-թուրքական հարաբերությունները, բացել սահմանը, շեշտեց Սաղաթելյանը՝ հարց բարձրացնելով՝ ինչո՞ւ չեն անում, ի՞նչ են բանակցում չորս ամիս։

«Տեսեք, Հայաստանի սահմանները Թուրքիան չի բացելու, ու էսօր էլ էդ մասին էրդողանը շատ հստակ հայտարարել է, քանի դեռ ամբողջական իրենց բոլոր պայմանները չեն ընդունվել։ Էսօրվա իշխանությունը գնում է, մի մասը քողարկված, մի մասն ակնհայտ և բացահայտ, էդ պայմաններն ընդունելու ճանապարհով», - ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ պնդելով՝ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է լինեն առանց նախապայմանների։

Հարցին՝ «ինչո՞ւ պիտի հաղթած երկիրը ասի՝ այո, եկեք առանց նախապայմանի բացենք սահմանը», դաշնակցական գործիչը հակադարձեց. - «Լավ, եթե հաղթել են պատերազմում, մեզ պետք է վերջնականապես կոտորեն ու հայրենազրկե՞ն: Այսինքն, էս թեզը, որ էս ժողովրդին ամեն օր կերակրում են, ու էսօրվա իշխանությունները՝ «պարտվել ենք պատերազմում, ճար չունենք, պետք է հանձնվենք, պետք է ինչ ասում են՝ անենք», կործանարար ճանապարհ է: Սա էսօրվա իշխանության... Հարգելի և սիրելի քաղաքացիներ, Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է լինեն ոչ մեր իրավունքների հաշվին, այսինքն՝ առանց նախապայմանների»:

«Եթե համաձայն են բացել ճանապարհները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց որևէ նախապայմանների, հենց վաղը առավոտյան, եթե մենք այսօր լինեինք իշխանության, կբացեինք էդ սահմանները ու պետական կառավարման համակարգով՝ ճիշտ օրենքներով, ճիշտ քայլերով ու գործողություններով կմեկուսացնեինք այն բոլոր վտանգները, որ սպառնում է մեր երկրին», - եզրափակեց Սաղաթելյանը։

Թեև հայ և թուրք բանագնացներն արդեն չորս անգամ հանդիպել են և չորս հանդիպումներից հետո Երևանն ու Անկարան վերահաստատել են պատրաստաակմությունը` բանակցությունները շարունակելու առանց որևէ նախապայմանի, Մևլյութ Չավուշօղլուն բացահայտ ասել է, թե հայ-թուրքական կարգավորումը, ըստ էության, եռակողմ գործընթաց է, քանի որ իրենց քայլերը Ադրբեջանի հետ են համակարգում:

Անցած շաբաթ Թուրքիայի արտգործնախարարը հայկական կողմին մեղադրեց կարգավորման գործընթացի ձգձգման համար և երկու հստակ նախապայման առաջ քաշեց՝ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այսպես կոչված`«Զանգեզուրի միջանցքի» բացման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում:

Մինչդեռ, պաշտոնական Երևանը մշտապես հայտարարում է, թե հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական բանակցությունների հետ կապելը, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին Անկարայից հնչող պնդումները չեն նպաստում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

Ընդդիմության թևերի միջև «լուրջ և էական տարաձայնություն չկա»

Դաշնակցական գործիչը նաև հավաստիացրեց, որ ընդդիմության թևերի միջև «լուրջ և էական տարաձայնություն այս պահին չկա»: «Մի տեղ, որ կան բազմաթիվ քաղաքական ուժեր, նպատակի շուրջ, նպատակին հասնելու շուրջ տարաձայնություն չկա՝ կա մարտավարության, կա ... այսինքն, ոչ թե տարաձայնություն, այլ՝ տարբեր տեսակետներ ու քննարկումներ: Եթե լիներ տարաձայնություն, այդ տարաձայնությունը կդրսևորվեր ինչ-որ կերպ: Նման տարաձայնություն չունենք, բոլորիս նպատակը նույնն է և հստակ, կան տարբեր տեսակետներ և քննարկումներ», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG