Ուկրաինական բանակն ուժեղացրել է հակահարձակումը Խերսոնի շրջանում: Բրիտանական հետախուզության տվյալներով՝ ուկրաինական զորքերը պլացդարմ են ստեղծել Ինգուլեց գետից հարավ:
Փորձագետները վստահ են՝ քաղաքական տեսանկյունից Խերսոնի կորուստը Կրեմլի համար չափազանց ցավոտ կլինի և թույլ չի տա Մոսկվային ռազմական օպերացիան Ուկրաինայում ներկայացնել որպես հաջողված: Նույն բրիտանական հետախույզները շեշտում են, թե ռուսական ուժերը բավականաչափ ռեսուրսներ չունեն քաղաքի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար:
Միաժամանակ, ռուսական կողմը սկսել է ավելի ինտենսիվ հրթիռակոծել ուկրաինական տարբեր շրջաններ: Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի միանգամից մի քանի շրջաններում՝ Խարկովում, Չեռնիգովի և Կիևի շրջաններում գիշերային հրետակոծության մասին:
Ուկրաինայի բանակի «Հյուսիս» օպերատիվ հրամանատարությունն էլ հայտնել է, թե վաղ առավոտյան Բելառուսի տարածքից Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 20 հրթիռ:
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետների կարծիքով՝ ռուսական բանակն առաջիկայում կարող է իրականացնել տեղական հարձակումներ միայն երկու ուղղությամբ՝ դեպի Սևերսկ և Բախմուտ:
Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը պնդում է, թե ուկրաինական ուժերը արևմտյան նոր հեռահար սպառազինության շնորհիվ կարող են ազատագրել Խերսոնը և ընդհանրապես երկրի հարավային շրջանները, ինչպես նրանց հրամայել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ավելին, Դանիլովը ուկրաինական հեռուստաընկերության եթերում հայտարարել է նաև, թե անհրաժեշտության դեպքում ուկրաինական ուժերը կարող են հրթիռային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին:
«Ինչ վերաբերում է կամքին՝ մեր կամքը մեզ փրկեց, և եթե պետք լինի, հավատացեք, ոչ մեկի ձեռքը չի դողա հակառակորդի տարածքում օբյեկտներ ոչնչացնելու մասին որոշում ստորագրելու համար», - ասել է Ուկրաինայի ԱԽ քարտուղարը:
Ռուսական կողմը, իր հերթին, զեկուցում է ի՛ր հաղթանակների մասին: Այսպես, ռուսական Սևծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Իգոր Օսիպովն այսօր հայտարարել է, թե Ուկրաինայի հետ պատերազմի ընթացքում Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Ազովի ծովն ու Սև ծովի հյուսիս-արևմտյան մասը:
Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանը մասամբ գրավել և մասամբ արգելափակել է ուկրաինական նավահանգիստները Սև և Ազովի ծովերում:
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ այժմ երկրում ծովային նավահանգիստները գործում են նախապատերազմական մակարդակի միայն 20 տոկոսով։ Արդյունքում երկրի տնտեսությունը մեծապես տուժում է. ռուսական հարձակումից առաջ Ուկրաինայի արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 75 տոկոսը կատարվում էր հենց ծովային ուղիներով:
Մինչ Ուկրաինայի ցամաքային և ծովային տարածքում արդեն հինգ ամսից ավելի է մարտերը շարունակվում են, Կիևն ու Մոսկվան նոր պատերազմ են սկսում պատմական ժառանգության համար։ Ուկրաինան Կիևյան Ռուսիայի միակ օրինական ժառանգն է, պնդել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի այս հայտարարությանն արձագանքելով՝ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում գրել է․ «Ուրեմն՝ չնեղանաս, որ Ուկրաինայի մի մասը կկոչվի Ռուսիա: Ինքդ ասացիր, լա՛վ արեցիր»։