Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորությամբ այսօր Ստամբուլում տեղի է ունեցել ուկրաինական հացահատիկի արտահանման ընթացքը հսկող կենտրոնի բացումը: Աքարն ասել է, թե առաջին փոխադրումը նախատեսվում է իրականացնել առաջիկա մի քանի օրում:
Ուկրաինան և Ռուսաստանը կենտրոնը ստեղծել են ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, և գործարքը կնքել են անցած ուրբաթ օրը՝ հուլիսի 22-ին:
Միացյալ համակարգող կենտրոնը պետք է հսկի նավահանգիստներից հացահատիկի և պարարտանյութի փոխադրման ընթացքը, որը խափանվել է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով և միջազգային պարենային ճգնաժամ է առաջացրել:
«Այսօրվա պայմաններում անհրաժեշտ է ծովային միջանցք բացել ուկրաինական նավահանգիստներից կարճ ժամանակամիջոցում ավելի քան 25 միլիոն տոննա ցորենի ապահով արտահանելու համար»,- ասել է Աքարը:
Կենտրոնը Ստամբուլում հետևելու է ուկրաինական երեք նավահանգիստներից իրականացվող բեռնափոխադրումներին, օգնելու է նավերին խուսափել ծովային ականներից և կասեցնելու է այդ նավերով զենք ու զինամթերք փոխադրելու հնարավոր փորձերը: Կենտրոնում ներկա կլինեն հնգական պատվիրակներ Թուրքիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից և ՄԱԿ-ից: