ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սենատ է ուղարկել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին արձանագրությունները և կոչ արել սենատորներին արագ վավերացնել դրանք։
Նմանատիպ խնդրանքով Բայդենը դիմել է նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։
«Մենք կոչ ենք անում բոլոր դաշնակիցներին արագ գործել իրենց վավերացման գործընթացների շրջանակում՝ հաշվի առնելով ներկայիս գլոբալ գործոնները: Իմ վարչակազմը պատրաստ է տեղեկություններ տրամադրել և օգնել ձեզ ձեր քննարկումներում», - ասել է ԱՄՆ նախագահը:
Ամիսներ տևած բանակցություններից հետո Ֆինլանդիան ու Շվեդիան հուլիսի 5-ին վերջապես ստորագրեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները: Արարողությունը տեղի ունեցավ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երկու երկրների արտգործնախարարների և դաշինքի անդամ 30 երկրների դեսպանների մասնակցությամբ։ Այժմ ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրների խորհրդարանները պետք է վավերացնեն նրանց անդամակությունը։ Այս գործընթացը կարող է մինչև մեկ տարի տևել։ Եվ միայն դրանից հետո Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կհամարվեն, և նրանց դրոշները կբարձրացվեն դաշինքի կենտրոնակայանի առջև։
Ռազմական դաշինքին միանալու համաձայնության դիմաց Անկարան մի շարք պահանջներ է ներկայացրել երկու երկրներին՝ շեշտելով՝ թուրքական մեջլիսում նրանց անդամակցությունը կվավերացվի միայն Անկարայի պահանջների լիարժեք կատարման դեպքում: