Մատչելիության հղումներ

«Գլորիա»-ն առաջիկայում հնարավոր է աշխատողների մոտ 30 տոկոսին տուն ուղարկի՝ անորոշ ժամանակով


Հայաստանի ամենամեծ կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատերն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, 3000 աշխատողների մոտ երեսուն տոկոսին տուն կուղարկի՝ անորոշ ժամանակով։ Բագրատ Դարբինյանն ասում է՝ Վանաձորում միայն վերջին երեք տարիներին մոտ 5 միլիոն եվրոյի ներդրում է արել, արտադրությունը մեծացրել, աշխատատեղեր ավելացրել։ Բայց դրամի աննախադեպ արժևորման հետևանքով լուրջ խնդիրների առաջ է կանգնել՝ ամսական մոտ 10 հազար եվրոյի վնաս է կրում։

«Էս պահի դրությամբ մենք վնասով աշխատում ենք, ուղղակի վարկ եմ վերցնում մի քիչ պատվիրատուներից պարտքով փող եմ վերցնում, ասում եմ՝ ամիսը 20-30 հազար եվրո ավելի տվեք, պարտք գրեք իմ վրա, երբ որ բարձրանա, հետ կտանք: Բայց դե նրանք ասում են՝ «հո չենք կարա 10 տարի անընդհատ ֆինանսավորենք, մինչև դրամը բարձրանա», - ասաց Դարբինյանը:

Ընկերության բոլոր պատվիրատուները եվրոպացիներ են՝ եվրոյով են վճարում արտադրանքի դիմաց։ Ընդ որում՝ Վանաձորում գործող ֆաբրիկան հումքն ամբողջությամբ իր պատվիրատուներից է ստանում, պատրաստի արտադրանքի վերածում և հետ ուղարկում վճարվելով կատարած աշխատանքի դիմաց։ Հումք չեն ներկրում, որի դեպքում հնարավոր էր շահել եվրոյի անկումից։ Իսկ այս իրավիճակում կարող են լուրջ պատվիրատուներ կորցնել, ասում է Բագրատ Դարբինյանը։

«Եվրոպացիները մեր նման չեն գոռգոռում, ասեն, դե գնա, չենք ուզում քո հետ աշխատենք և այլն, նա երևի էդ ընթացքում ժամանակ է շահում, ուրիշ տեղ տեղավորի իր պատվերները», - ասաց նա:

«Գլորիա»-ի սեփականատերը դիտարկում է նաև ռուսական շուկա տեղափոխվելու հնարավորությունը, բայց մեծ հույսեր չունի։ Շատ պատվերներ չի գտնի առանց այն էլ պատժամիջոցների հետևանքով տուժած տնտեսություն ունեցող երկրում. - «Մեկը լինի էսօր Ռուսաստանին օգնություն ցույց տա, ի՞նչ կարա անի, փոքրիկ բաներ են, որ մի 10 տոկոսն էլ չի օգնի մեզ, ընդ որում, վերջին 10 օրում ռուսականն էլ թուլանում է»:

Ամսական մոտ մեկ միլիոն դոլարի չափով աշխատավարձ վճարող ֆաբրիկայի սեփականատերն անցած ամիս զգուշացրել էր աշխատողներին, որ հնարավոր է աշխատավարձերը իջեցվեն, ինչին դժգոհությամբ էին արձագանքել բանվորները։

«Ավելի լավ է տունը նստեն, քան թե էս կարգավիճակով աշխատեն, որովհետև եվրոն ցածրացել ա, ամեն ինչն էլ թանկացել ա: Ժողովուրդն անընդհատ բողոքում ա, ծանր ճգնաժամի մեջ են, ո՞նց ա լինելու», - նշեց աշխատողներից մեկը:

Այս դեպքում գործարարը կգնա կրճատումների, եթե առաջիկայում հայաստանյան տնտեսությունում տարադրամի արժևորման միտումներ չնկատվեն։ Բագրատ Դարբինյանը մտավախություն ունի, թե դոլարն ու եվրոն է՛լ ավելի կարող են աժեզրկվել։ Ընդ որում՝ այսօրվա դրությամբ դոլարն ու եվրոն գրեթե իրար հավասար են, եթե, օրինակ, ռուս-ուկրաինական պատերազմից առաջ մոտ 100 դրամի տարբերություն ունեին։

«Լուրեր կան նաև, որ կարող է իջնի մինչև 350, էդ դեպքում ընդհանրապես անհնար ա», - ընդգծեց Դարբինյանը:

Կենտրոնական բանկից բազմիցս են հայտարարել, որ չեն պատրաստվում միջամտել դրամի արժևորմանը, նշելով, որ եթե որոշ գործարարներ տուժում են այս իրավիճակից, ապա դրսից ապրանք ներկրող բիզնեսմենները հակառակը՝ շահում են, իսկ դա կարող է մեղմել արդեն տասը տոկոսի շեմը հատած գնաճի մակարդակը։

«Արհեստականորեն դրամի փոխարժեքն արժեզրկելով մենք ստեղծելու ենք գնաճային մի նոր, ավելի վատ իրավիճակ, որը հարվածելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ներառյալ արտահանողներին ու իրավիճակը եթե հանկարծ տիրապետության տակից դուրս եկավ կամ դարձավ անկառավարելի, էդ նույն արտահանող ընկերությունների մոտ առաջանալու են խնդիրներ, որովհետև իրենց աշխատողները երկրորդ ռաունդով գալու են բանակցելու են՝ աշխատավարձերի բարձրացում», - հայտնում են Կենտրոնական բանկից:

Լոռիում ևս մեկ խոշոր արտադրություն ստեղծված իրավիճակի պատճառով չորս ամիս առաջ արդեն դադարեցրել է գործունեությունը։ Խոսքը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մասին է, որ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներից հետո արտադրած խտանյութը Եվրոպա արտահանելու խնդիրների առաջ կանգնեց։ Ռուսական ՎՏԲ բանկի սեփականությունը հանդիսացող «Թեղուտ» ընկերության 850 աշխատողների հիմնական մասը հարկադիր պարապուրդի մեջ է արդեն 4 ամիս։

XS
SM
MD
LG