Ամերիկյան դոլարի համեմատ դրամի շարունակական արժևորումը կարող է զսպել գնաճի տեմպը, սակայն ինչպես բացատրում են փորձագետները, փոխարենն արտահանողներն ու դոլարով գումար ստացողները բարդ իրավիճակում կհայտնվեն։
«Փոխարժեքի արժևորումը կարճաժամկետ ժամանակահատվածում դրական է այն սպառողների համար, որոնք եկամուտները ստանում են դրամով: Այն սպառողները, որոնք ունեն տրանսֆերտներ, որոնք գալիս են Միացյալ Նախհանգներից և դոլարով, բնականաբար, սա բացասական է ազդում» - ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:
Վերջին շաբաթներին դոլարը դրամի համեմատ կտրուկ էժանացել է, եթե ընդամենը երկու շաբաթ առաջ հայաստանյան բանկերը մեկ դոլար էին ձեռք բերում 445 դրամով, ապա այսօր քաղաքացիները դոլարը փոխանակում էին 425 դրամով։ Առևտրով զբաղվողների համար սա նշանակում է, որ ապրանք ներկրելիս ավելի քիչ են վճարում, արտահանողներն ընդհակառակը՝ ավելի շատ, քանի որ դրամը թանկ է։
Ամիսներ առաջ՝ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներին հակառակ պատկերն էր՝ դոլարի ու եվրոյի համեմատ դրամն ավելի քան 5 տոկոսով արժեզրկվել էր։ Մասնագետներն այն ժամանակ սա պայմանավորում էին Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներով։
Պատերազմի մեկնարկից ավելի քան երեք ամիս անց ինչո՞վ է պայմանավորված դրամի արժևորման այս միտումը։ Տնտեսագետները մի քանի գործոն են թվարկում։ 2016-ից-18 թվականներին ֆինանսների նախարարությունը ղեկավարած Վարդան Արամյանն ասում է՝ Հայաստանում ռուսաստանցիների ներհոսքի պատճառով վերջին ամիսներին դոլար շատ է մտնում, սակայն ամերիկյան արժույթի պահանջարկը փոքր է, որովհետև Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկեր Ռուսաստանի հետ առևտուրը այժմ հիմնականում ռուբլիով է իրականացվում։ Սրա արդյունքում դրամն արժևորվում է:
«Փոխարժեքի արժևորումից, նկատի ունեմ անվանական կարճաժամկետ ժամանակահատվածում շահում են ներմուծողները, տուժում են արտահանողները: Ներմուծողները շահելու դեպքում հարց է առաջանում, թե որքանով այդ շահումը նրանք կտեղափոխեն դեպի սպառողներ, կնվազեցնեն գները», - ասաց Արամյանը:
Հրապարակված վերջին տվյալներով 12-ամսյա գնաճը Հայաստանում 8.4 տոկոս է կազմել, քաղաքացիների գրպանին հատկապես հարվածում է սննդամթերքի թանկացումը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ հիշեցնում է՝ երբ հակառակն է լինում՝ դրամն էժանանում է, այդ տարբերությունը միանգամից արտահայտվում է գնապիտակների վրա. «Ակնհայտ է, որ էժան դոլարը պետք է նպաստեր ներկրվող ապրանքների գների նվազմանը: Հիշեցնեմ՝ անցած տարի, երբ որ դոլարը արժևորվում էր՝ հասնելով 530 դրամ, դարակաշարերում ժամ առ ժամ գին էին փոխում, և դա բացատրում էին դոլար-դրամ փոխարժեքով»:
Տնտեսագետի գնահատմամբ՝ դրամի այսչափ արժևորման պատճառներից մեկն է նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը։ Մարտին Կենտրոնական բանկն այն 9.25 տոկոս սահմանեց՝ նպատակ ունենալով զսպել գնաճը։
Սուրեն Պարսյանն ասում է՝ օրինակ, հացը կարող էր ավելի քան 20 տոկոսով թանկանալ, բայց այս քայլերի արդյունքում թանկացումն ավելի փոքր է։
«Գոյություն ունի գների արգելակման էֆեկտը, այսինքն գները շատ արագ բարձրանում են, շատ դանդաղ իջնում և Կենտրոնական բանկն այն հույսով է, որ 2-3 ամիս հետո այդ գները կիջնեն կամ գոնե այս պահին չեն բարձրանա, բայց ակնհայտ է, որ դա երկար չեն կարողանալու պահել այս իրավիճակը: Եթե նույնիսկ Կենտրոնական բանկը փորձում է, այսպես ասած, ներկրվող ապրանքների գները զսպել, բայց մարդկանց գնողունակությունը, եկամտաբերությունը օրեցօր նվազում է», - ընդգծեց Պարսյանը:
Կենտրոնական բանկն առայժմ զերծ է մնում մեկնաբանություններից՝ խոստանալով այս հարցին անդրադառնալ հաջորդ շաբաթ։