Մատչելիության հղումներ

Սննդամթերքի թանկացման հետևանքով Հայաստանը կանգնած է աղքատության ավելացման վտանգի առջև. Վահան Քերոբյան


Հայաստանում գնաճն արդեն իսկ երկնիշ է. հրապարակված վերջին պաշտոնական տվյալներով՝ 12-ամսյա գնաճը 10.3 տոկոս է կազմել։ Քաղաքացիների գրպանին է հարվածում հատկապես սննդամթերքի թանկացումը։ Մեկ տարվա ընթացքում սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների գները ավելացել են 17.1 տոկոսով։

Վիճակագրական կոմիտեն նաև առանձին տվյալներ է ներկայացրել. այսպես՝ այս հունիսին 2021 -ի նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 18 տոկոսով թանկացել է ալյուրը, հացը` 20, իսկ մակարոնեղենը` գրեթե 30 տոկոսով, տավարի միսը` շուրջ 20, ավելի քան 25 տոկոսով` պանիրը և այլն։

«Ազատության» հարցերին պատասխանած քաղաքացիներն առանձնացնում են առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների նկատելի թանկացումը. «Հազիվ յոլա ենք գնում, ի վիճակի լինեմ, կգնամ, ոչ թե մեկ կգ կառնեմ, այլ 5»:

«Աշխատավարձերը շատ ցածր են, գնաճն էլ բարձրանում է, մարդիկ ո՞նց կարան ապրեն: Պետք է մարդու առօրյա կյանքի հետ համապատասխանի թե՛ թոշակը, թե՛ աշխատավարձը», - ասում են նրանք:

Ի՞նչ է մտածում կառավարությունը գնաճի ու սրվող սոցիալական խնդիրների մասին։ Էկոնոմիկայի նախարարը չի թաքցնում՝ սննդամթերքի թանկացման հետևանքով Հայաստանը կանգնած է աղքատության մակարդակի ավելացման վտանգի առջև։ Պաշտոնական վերջին տվյալներով` Հայաստանում գրեթե յուրաքանչյուր երրորդն աղքատ է։

«Կառավարությունը, այս առումով, գիտեք, մի քանի գործողություն է անում, առաջինը` մյուս տարվանից, ըստ էության, բարձրանալու են նվազագույն աշխատավարձերը, թոշակները», - այսօր ասաց նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ գնաճի ազդեցությունը չեզոքացնելու համար իշխանությունները նաև աշխատատեղեր են ստեղծում. «Կառավարության աշխատանքը և բարձր տնտեսական աճը, որ մենք ունենք` 10.2 տոկոս, որը, ըստ էության, տարածաշրջանում ամենաբարձրերից մեկն է և աշխարհում ամենաբարձրերից մեկն է, պետք է ուղղված լինի նրան, որ երկրում ապրող մարդիկ և բոլոր մարդիկ, հնարավորինս շատ մարդիկ ապրեն ավելի լավ, և բնականաբար, բարձր տնտեսական աճի արդյունքները կառավարությունը պետք է վերաբաշխի այնպես, որպեսզի աղքատությունը նվազի»:

Կառավարությունն անցած շաբաթ որոշեց 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձը 2023 թվականից դարձնել 75 հազար դրամ։ Գործադիրը հնգամյա ծրագրով խոստանում է մինչև 2026 թվականը նվազագույն աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ։

Իշխանությունները հայտարարում են՝ հունվարի մեկից կավելանան նաև կենսաթոշակները՝ առնվազն գնաճի չափով, կոնկրետ թիվ, սակայն դեռ չեն նշում։ Բարձր գնաճի այս շրջանում շարունակում է արժևորված մնալ հայկական դրամը, մասնագետները կարծում են՝ եթե այս միտումը մի քանի ամիս էլ շարունակվի, այն կարող է մեղմացնել հետագա գնաճը։

XS
SM
MD
LG