Ամերիկյան դոլարը դրամի համեմատ շարունակում է գահավիժել, այսօր բանկերը մեկ դոլար են գնում 405 դրամով, մինչդեռ ուղիղ մեկ ամիս առաջ դոլարի փոխարժեքն ավելի քան 450 դրամ էր։
Դրամի այսչափ արժևորումը մասնագետները պայմանավորում են մի շարք գործոններով՝ առաջին հերթին առանձնացնելով Հայաստան ռուսաստանցիների բերած դրամական միջոցները և վերջին շրջանում ռուբլու կայունացումը։ Կենտրոնական բանկից էլ շեշտում են՝ փոխարժեքը ձևավորվում է շուկայում ազատ առաջարկի և պահանջարկի հիման վրա։
Դեռ որքա՞ն կշարունակվի դրամի կտրուկ արժևորման այս միտումն ու ինչպե՞ս այն կանդրադառնա տնտեսության վրա։ Անորոշությունը մեծ է, շեշտում է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը:
«Գիտենք, որ այս հանգամանքն, ըստ էության, պայմանավորված է արտաքին գործոններով, մասնավորապես, Ռուսաստանի շուրջ և Ռուսաստանում ընթացող իրադարձություններով, այդ թվում նաև ռուսական ռուբլու արժևորմամբ: Կդժվարանամ կոնկրետ ժամանակահատված նշել, բայց միանշանակ է, որ այս իրավիճակը կախված է արտաքին գործոնների հետ, և՛ մեր Կենտրոնական բանկի, և՛ կառավարության գործիքակազմը՝ ազդելու իրավիճակի վրա, բավականին սահմանափակ է», - ասաց տնտեսագետը:
Անցնող շաբաթներին մասնագետները շեշտում էին՝ դրամի այսչափ արժևորումից տուժում են արտահանողները և այն ընկերությունները, որոնք արտարժույթով են եկամուտներ ստանում։ ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանն արտահանողներին խմբերի է բաժանում։
«Ապրանքների արտահանման այն մասը, որը երրորդ երկրներ է արտահանում և հիմնական արտահանման գործարքի գինը նշված է դոլարը, բնականաբար, բավականին իրավիճակը խնդրահարույց է: Կարող ենք առանձնացնել դեպի Ռուսաստան արտահանումը, որին բաժին է ընկնում մեր ապրանքային արտահանման շուրջ 1/3-ը: Վստահ եմ, որ պայմանավորված ԱՄՆ դոլարով կատարվող գործարքների հետ կապված բարդություններով, ԱՄՆ դոլարով կատարվող գործարքների մասնաբաժինն էլ ավելի է նվազել, հետևաբար դեպի Ռուսաստան արտահանողների մոտ, ովքեր ունեն ռուսական ռուբլով պայմանագրեր, ազդեցությունը բացասական չի, նույնիսկ ես կասեի՝ դրական է», - ընդգծեց Ֆանյանը:
Կենտրոնական բանկը հայտարարում է՝ փոխարժեքի այս զարգացումների վրա ազդեցություն չունի և եթե արհեստականորեն արժեզրկի դրամը՝ գնաճային նոր ռիսկեր կառաջանան։ Այսպես էլ տարբեր խմբերի տնտեսվարողներ են տուժում։ Օրինակ, արտադրանքը Եվրոպա արտահանող ամենամեծ՝ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերը կրած վնասների պատճառով որոշել է կրճատումների գնալ։
Եթե արտահանողների համար արժևորված դրամը խնդիրներ է ստեղծում, ապա ներկրողներն, ընդհակառակը, ապրանքների համար ավելի քիչ են վճարում։ Խանութներում, սակայն, քաղաքացիները էժանացում դեռ չեն նկատում։ Հայկազ Ֆանյանի կարծիքով՝ ներմուծողներն ու տեղական արտադրողները ապրանքների գները վերանայելու հակված չեն:
«Էս պարագայում պետք է մրցակցությունը աշխատի, իսկ մրցակցության մեխանիզմը աշխատելու համար որոշակի ժամանակահատված է պետք: Ես վստահ եմ, որ փոխարժեքը այս պայմաններով մի քանի ամիս ևս շարունակվելու դեպքում, մենք, բնականաբար, ավելի շոշափելի ազդեցություն կունենանք՝ հատկապես ներմուծվող ապրանքների մասով», - ասաց տնտեսագետը:
Դրամի համեմատ դոլարի արժեզրկումը կարճ ժամանակում գների վրա ազդել չէր կարող, քանի որ համաշխարհային շուկայում նույնպես մեծ գնաճ է. սա էլ մեկ այլ տնտեսագետի՝ Սուրեն Պարսյանի գնահատականն է:
«Անցած տարի, երբ որ դրամն էր արժեզրկվում, դարակաշարերում ժամ առ ժամ տնտեսվարողները գին էին փոխում, հատկապես խոսքը վերաբերում է սուպերմարկետների տերերին, խոշոր ներկրողներին, որոնք վերահսկում են ամբողջ շուկան: Հիմա ճիշտ հակառակն է կարծես թե, բայց նրանք, բնականաբար, գները չեն իջեցնում, առանձին դեպքերում բարձրացնում են՝ հիմնավորելով, որ ներկրվող ապրանքների գները միջազգային շուկայում թանկացել է», - նշեց Պարսյանը:
Տնտեսագետի կանխատեսմամբ՝ դոլար- դրամ փոխարժեքը հնարավոր է կայունանա աշնանը. - «Երբ որ տուրիստական հոսքերը կդադարեն, նաև պարզ կլինի, որ ռուս տուրիստները կամ ռուս գործարարները, որոնք ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով տեղափոխվել են Հայաստան, կմնան Հայաստանում երկարաժամկետ, թե՝ ոչ»:
Տարադրամի այսչափ տատանումների դեպքում շատ քաղաքացիներ իրենց դրամական խնայողություններն արտարժույթի վերածելով փորձում են հավելյալ եկամուտ ունենալ։ Տնտեսագետները, սակայն, խորհուրդ են տալիս դրամական միջոցները պահել այն արժույթով, որով ծախսեր են անում։