Մատչելիության հղումներ

«Գյուղատնտեսությունը առաջնային է թե՛ Հայաստանի, թե՛ Եվրամիության համար». կանաչ արտադրություն՝ Շիրակի մարզում


Շիրակ մարզում գյուղական երկու փոքր բիզնեսներ Եվրամիության և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ անցնել են կանաչ արտադրության։ Ղարիբջանյան գյուղում 37 հազար եվրոյով վերազինվել է պահածոների արտադրամասը։

Այս համայնքը գազաֆիկացված չէ, ինչի հետևանքով արտադրամասը բավականին շատ հոսանք էր սպառում։ Այժմ կանաչ գյուղատնտեսության ծրագրի շնորհիվ արևային կայան ունեն, արտադրամասի հոսքագիծն են վերազինել ու նոր սառնարան տեղադրել, ասում է տնօրեն Մերի Մամիկոնյանը։

«Մեր գործընկերները շեշտը դրեցին, որ սառնարան հարկավոր է, հիմա դեռ մի քիչ փոքրիկ է, ընդամենը 5 տոննայի տարողություն ունի: Բայց շատ ուրախ ենք, որ այդ հնարավորությունն էլ ընձեռնեց, քանի որ կարող ենք արդեն ավելի մեծ ծավալով գնել, ոչ թե պատվերից պատվեր, ասենք, գիտենք, որ հոնի պատվեր ունենք, հոնը արագ առնում, բերում ենք ու մի քիչ էլ որակի կորուստ ենք ունենում, քանի որ լինում է՝ տարան չկա, պետք է սպասենք, իսկ հիմա փաստացի կորուստ կնվազեցվի ու կարող ենք միանգամից մեծ ծավալ բերել, պահեստավորել, համապատասխան ռեժիմով պահել, մինչև պատվերի պահը գա», - ներկայացրեց Մամիկոնյանը:

Արտադրամասը 17 հիմնական աշխատակից ունի, սեզոնին՝ մինչև 40։ Նրանց մեծ մասը Ղարիբջանյանից է, թեև մարզկենտրոն Գյումրիից էլ աշխատողներ կան։

Առափի գյուղում էլ 24-ամյա Սլավա Նազարյանն է դիմել կանաչ գյուղատնտեսության ծրագրին ու խոտաբույսերի արտադրություն հիմնել։ Դոնորները Սլավային գյուղտեխնիկա են տրամադրել: Երիտասարդ գյուղատնտեսը նորաստեղծ բիզնեսը ընդլայնելու մտադրություն ունի, ասում է՝ իր փորձով է ուզում ցույց տալ, որ ցանկության դեպքում կարելի է գյուղում մնալ ու հողից եկամուտ ստանալ:

«Մենք ցույց ենք տալիս, որ սա այստեղ աշխատում է, տվյալ բույսն աճում է մեր բնակլիմայական պայմաններում և առաջարկում ենք, որ՝ հարգելի համագյուղացիներ, համաքաղաքացիներ, դուք էլ կարող եք զբաղվել խելացի գյուղատնտեսությամբ, կանաչ գյուղատնտեսությամբ, կանաչ գյուղատնտեսության տարրերը օգտագործելով՝ ունենալ փոքր տարածքներից ավելի մեծ եկամուտներ», - ասաց Նազարյանը:

Մշակվող խոտաբույսերը հարմարեցրել է Շիրակի ցուրտ բնակլիմայական պայմաններին։ Մի քանի տեսակներն այստեղ նորություն են. - «Աճեցնում ենք նոր մշակաբույսեր, ինչպիսիք են օրիգանոն, ռոզմարինը, մելիսան և այլ տարբեր բույսեր, օրինակ, դեղաբույսերից լավանդան, շոկոլադային նանան է, որը շատ հազվադեպ է հանդիպում մեր հանրապետությունում: Իր համայինով ու բույրով է տարբերվում, երբ խմում ես շոկոլադային նանայի թեյը լեզվի վրա մնում է շոկոլադի անուշ համը ու դրանով առանձնանում է»:

Եվրամիության միջազգային օգնության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին ասում է՝ ծրագիրը վաղ թե ուշ կավարտվի և հույս ունեն, որ այն էական արդյունք կունենա. - «Գյուղատնտեսությունը առաջնային է թե՛ Հայաստանի կառավարության, թ՛ե Եվրամիության համար։ Մենք փորձում ենք առաջին հերթին բարենպաստ պայմաններ ստեղծել որակյալ գյուղատնտեսական արտադրանքի ոլորտում ներդրումների համար, որպեսզի հայ արտադրողները կարողանան նախ տեղական, հետո տարածաշրջանային, ապա միջազգային շուկա հանել իրենց արտադրանքը»։

Եվրամիությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը այս ծրագիրն իրականացնում են Հայաստանի երեք մարզերում՝ Շիրակում, Լոռիում ու Տավուշում։ Շուրջ 12 մլն եվրո են տրամադրել՝ օգնելով գյուղացիական տնտեսություններին անցնելու կանաչ արտադրության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG