Մատչելիության հղումներ

Սպառողները պնդում են՝ գներն աճում են, իսկ Մրցակցության հանձնաժողովը որոշ ապրանքների գնանկում է նկատել


Հայաստանում դոլարի արժեզրկման ֆոնին մթերքի գնանկում կա, վստահեցնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը, հակառակ սպառողների պնդումներին, որ նման միտում գրեթե չեն նկատել:

«Գնանկումը սկսվել է մարտից մինչև հունիսը, օրինակ, նորզելանդական կարագը 4 հազար 692 դրամից իջել է 4 հազար 400 դրամ՝ 1 կիլոգրամանոց նորզելանդական կարագը։ «Անկոր» տեսակի կարագն, օրինակ, 5 հազար 38 դրամից իջել է 4 հազար 690-ի, խոսքը վերաբերում է 2022 մարտ-հունիս ամսվա համար», - ասաց Գևորգյանը։

Գեղամ Գևորգյան
Գեղամ Գևորգյան

ՄՊՀ-ն դիտարկում է առաջին անհրաժեշտության այն ապրանքների գները, որոնց շուկաներում կա գերիշխող դիրք կամ ինչպես իրենք են ձևակերպում «կենտրոնացվածության բարձր աստիճան», այդպիսի ապրանքներ են ալյուրը, շաքարավազը, ձեթը, կարագը, մսամթերքը, ծխախոտը և այլն:

Ըստ հանձնաժողովի ղեկավարի՝ վերջին ամիսներին ներմուծվող ապրանքատեսակների գների որոշակի անկում անհնար է չնկատել։ Անցյալ տարվա մայիսի համեմատ ՄՊՀ-ի դիտարկումներով իջել են ձեթի և կարագի գները, փոխարենը, օրինակ, ալյուրը էլ ավելի է թանկացել, նոր ռեկորդներ է սահմանում նաև դիզելային վառելիքը։

«Իսկ ինչի է ամբողջ աշխարհում դիզելի ու բենզինի գինը բարձրանում, դրա հետ կապված հարյուրավոր վերլուծություններ կան, բայց մենք հեսա շուտով էդ վառելիքի գնի ամբողջ շղթան ևս մեկ անգամ կհրապարակենք, որպեսզի դուք էլ հնարավորության պարագայում կարողանաք ստուգել», - նշեց Գևորգյանը:

Դրամի արժևորման շնորհիվ ներմուծվող որոշ սննդատեսակների գների անկում շարքային սպառողները գրեթե չեն էլ նկատել, քանի որ, միևնույնն է, ասում են, խանութից դուրս գալիս դրամարկղում ոչ մեծ տոպրակով գնումների համար վճարում են կլորիկ գումար։

Հայաստանում վերջին մեկ տարվա գնաճը բացասաբար է ազդում մարդկանց կենսամակարդակի վրա, նկատել է Հայաստանի նախագահ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, որն այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում։

Վահագն Խաչատրյան
Վահագն Խաչատրյան

«Արտահանողները տուժում են սրանից, որ մեր մոտ դրամն արժևորվել է, ներմուծողներն, ընդհակառակը, շահում են, և դրանից ելնելով, քանի որ մեր լայն սպառման ապրանքների տեսականու մեջ ավելի շատ ներկրվող է, պիտի իջնեին։ Ստեղ երկու խնդիր կա՝ կամ մրցակցային համապատասխան պայմանները չեն ապահովում, այսինքն՝ հակամրցակցային պայմանավորվածություններ կան, և այդտեղ իհարկե մեր հանձնաժողովն անելիք ունի։ Ես համոզված եմ, որ հանձնաժողովն, իր հիմնական պարտականությունն է, դա էլ կանի», - ասաց նախագահը։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, սակայն, գնաճին առնչվող որևէ արտասովոր միտում չի նկատել, համենայն դեպս դրա նախագահ Գևորգյանը նման հայտարարություն չարեց։

XS
SM
MD
LG