Գերմանիայի իշխանությունները «մեծ վստահություն» ունեն առ այն, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ հնարավոր կլինի փոխզիջման հասնել ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության հարցի շուրջ։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է գերմանական կառավարությանը մոտ կանգնած բարձրաստիճան աղբյուրներից մեկը՝ հավելելով, որ «անգամ եթե նման փոխզիջման հնարավոր չլինի հասնել մինչև հաջորդ շաբաթ Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, դա աղետ չի լինի»։
«Սարսափելի ոչինչ տեղի չի ունենա, եթե մեզ [փոխզիջման հասնելու համար] ևս մի քանի շաբաթ պահանջվի», - նշել է գերմանացի պաշտոնյան։
Հյուսիսեվրոպական երկու պետությունների ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանավեճը ծագել է Թուրքիայի առարկությունների պատճառով։ Պաշտոնական Անկարան պնդում է, որ արգելափակելու է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը, քանի դեռ այդ երկրների իշխանությունները չեն դադարել աջակցություն ցուցաբերել քրդական կառույցներին և վտարանդի իսլամիստ գործիչ Ֆեթուլահ Գյուլենի աջակիցներին։