«Թուրքիան չի պատրաստվում ընդառաջ գնալ և հավանություն տալ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ նրանց կողմից հստակ քայլեր չկան», - այսօր վերստին հայտարարել է Թուրքիայի նախագահը:
«Քանի դեռ Շվեդիան և Ֆինլանդիան ահաբեկչության դեմ պայքարում հստակ, կոնկրետ և վճռական քայլեր չեն ձեռնարկել, մենք վստահաբար, չենք փոխելու մեր դիրքորոշումը», - խորհրդարանում հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքական մեջլիսում իր գլխավորած կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ Էրդողանը նաև ասել է, թե չեն կարող դաշինքի դռները բացել սկանդինավյան այդ երկրների համար, որտեղ, ըստ նրա, ահաբեկչները փողոցներում ազատորեն հավաքներ են անում:
Թուրքիայի նախագահը այս դիրքորոշումը փոխանցել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Այսօր կայացած հեռախոսազրույցում ասել է՝ ակնկալում են, որ անդամակցության հայտ ներկայացրած երկրները գրավոր հանձնառություններ կստանձնեն, այլապես գործընթացը առաջ չի գնա:
Երբ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրեցին, Թուրքիան, ի տարբերություն մյուս դաշնակիցների, կտրուկ դեմ արտահայտվեց՝ Ստոկհոլմից ու Հելսինկիից պահանջելով փարատել անվտանգության հետ կապված իր մտահոգությունները;
Օրերս Հյուսիսատլանտյան դաշինքի քարտուղար Յենս Ստոլտենբերգը սկանդինավյան մայրաքաղաքներում էր, որտեղ հանդիպումներ էր ունեցել Շվեդիայի վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հետ: Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը, մասնավորապես, հայտարարել էր, թե հակաահաբեկչական օրենսդրության ուժեղացման հետ կապված քայլեր են ձեռնարկվում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը այսօր հայտարարել է՝ դեռ պետք է համոզվեն, թե ինչքանով են արդյունավետ այդ օրենսդրական փոփոխությունները:
«Նախ պետք է նայել այդ օրենքների բովանդակությանը, այնուհետև գործնականում դրանց կիրառմանը: Այդ պատճառով, ինչպես գիտեք, մենք գրավոր տեսքով այդ երկու երկրներին փոխանցել ենք մեր ակնկալիքներն ու մտավախությունները: Նրանցից հստակ պատասխան ենք ակնկալում», - ասել է Մևլութ Չավուշօղլուն:
Նա նաև նշել է, որ ինքը և նախագահ Էրդողանը մշտական կապի մեջ են Յենս Ստոլտենբերգի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարության հետ, որոնք ջանքեր են գործադրում լուծման ուղիներ գտնելու համար. - «Ստոլտենբերգը, որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար բարձրաձայնում է դաշինքի անդամ պետության՝ Թուրքիայի մտահոգությունները: Նա մշտապես հայտարարում է, որ պետք է փարատվեն այդ մտավախությունները, և բոլոր կողմերի հետ շարունակ շփումներ ունենալով ճիգեր գործադրում: Մենք երախտապարտ ենք ու գնահատում ենք նրա ջանքերը»:
Ինքը՝ Ստոլտենբերգն այսօր Բրյուսելում տեղեկացրել է, որ բանակցությունները Ստոկհոլմի, Հելսինկիի ու Անկարայի հետ շարունակվում են՝ հարցին շուտափույթ լուծում գտնելու համար. - «Մենք ուղիներ ենք փնտրում խնդիրը արագ լուծելու համար, որպեսզի Շվեդիան և Ֆինլանդիան հնարավորինս շուտ անդամակցեն դաշինքին: Սակայն ես չեմ կարող հստակ ասել, թե երբ: Բայց միայն կարող եմ ասել, թե մենք միշտ ինչ ենք անում ՆԱՏՕ-ում, երբ դժվարություններ են լինում՝ խորհրդակցում ենք, քննարկում և լուծումներ գտնում»:
Ի դեպ, այսօր Բրյուսելում է Թուրքիայի պաշտպանության նախարարը: Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցում է դաշինքի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հավաքին: