Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ


Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, արխիվ
Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի առնչությամբ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք է բացահայտնել, հարուցվել է քրեական գործ։

Ըստ ԱԱԾ-ի՝ 2009 թվականին պաշտոնատար անձինք նախնական համաձայնության գալով այդ ժամանակ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Բեգլարյանի հետ, չարաշահելով պաշտոնեական դիրքը, նվիրատվության կարգով Երևանի Կենտրոնում գտնվող համայնքապատկան անշարժ գույքեր են տրամադրել երեք անձանց և նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ գույքը չնչին գումարներով օտարել են Բեգլարյանի մերձավոր ազգականներին կամ նրա հետ փոխկապակցված անձանց: Արդյունքում՝ էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ՝ 235 միլիոն դրամի վնաս։

Իրավապահների փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքները նվիրաբերվել են Բեգլարյանի քաղաքապետ նշանակվելուց ընդամենը երկու ամիս հետո։ Ընդհանուր առմամբ շուրջ 400 քառակուսի մետր տարածքները գտնվում են Մաշտոցի պողոտայում, Չարենցի և Վարդանանց փողոցներում գտնվող երեք շինություններում։

ԱԱԾ-ն ստուգելու է պաշտոնատար անձանց կողմից նույն սխեմայով համայնքապատկան այլ գույքերին ապօրինի տիրանալու վարկածը։

Նոր քրեական գործի մասին այսօրվա հաղորդագրությունից Բեգլարյանն անակնկալի է եկել, «Ազատության» հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հրանտ Անանյանը: Վերջինիս խոսքով իրենք այս գործի մասին չգիտեին։

«Այս գործի մասին տեղեկություններ չունեմ ես որպես պաշտպան պարոն Բեգլարյանի: Պարոն Բեգլարյանին նույնպես որևէ ծանուցում այս գործի շրջանակներում չի եղել, տեղեկանում ենք լրատվամիջոցներից», - ասաց փաստաբանը:

Նախկին քաղաքապետի ներկայացուցիչը գործի վերաբերյալ մեկնաբանություն առայժմ չի տալիս, սակայն, որպես մասնագետ իր կարծիքն է հայտնում. «Մտքի թռիչքը սահուն չի կատարվել, փողերի լվացման ինչ-որ ձևակերպումներ կան, հանցակազմին բնորոշ ձևակերպումներ կան, այդ երբվանից եղավ, որ ազգականի անունով գույքի ձևակերպումը պետք է դիտարկել փողերի լվացման համատեքստում կամ հանցակազմի շրջանակներում: Ես սա ասում եմ որպես իրավաբան, չեմ ասում որպես պարոն Բեգլարյանի ներկայացուցիչ»:

«Ազատությունն» այսօր շրջեց ԱԱԾ հրապարակած հասցեներով։ Մաշտոցի պողոտայի 40Ա շենքի առաջին հարկում գեղեցկության սրահ կա, մանկապարտեզ ու հյուրանոց, հնաբնակներն ասացին՝ «Մաշտոց» անունը կրող հյուրանոցի տարածքում նախկինում ԺԵԿ՝ համատիրություն է եղել, հետո սեփականաշնորհվել է, այս տարածքը երեք հասցեներից ամենաընդարձակն է՝ ավելի քան 170 քառակուսի մետր։

Մյուս հասցեն Վարդանանց 5Ա-ն է, այստեղ էլ, ըստ իրավապահների, Երևանը կորցրել է 108 քառակուսի մետր։

Չարենցի 4 շենքի բնակիչները նույնպես հիշեցին նախկինում գործող համատիրության մասին։ 103 քառակուսի մետր տարածքում 2016 թվականից վարձակալության հիմունքներով գործում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հատուկ կապ» ՓԲԸ-ն։ Հատկանշական է, որ այս տարածքը «Հատուկ կապ»-ին վարձով է տրվել Բեգլարյանի՝ կապի և տրանսպորտի նախարար աշխատելու շրջանում։ Հանրապետական կուսակցության նախկին անդամը նախարարությունը ղեկավարել է 2012-ից 2016 թվականների ընթացքում։

Առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ համայնքապատկան գույք, մասնավորապես, մանկապարտեզի շենք հափշտակելու առթիվ հարուցված մեկ այլ քրեական գործով Գագիկ Բեգլարյանը մեղադրյալի կարգավիճակ ունի այս տարվա մարտից։

Ըստ ԱԱԾ-ի՝ դատարանը որոշել է կալանավորել Բեգլարյանին, սակայն նա լքել է երկիրը և այժմ հետախուզվում է։

Նրա շահերի պաշտպանն այսօր հայտնեց, որ Բեգլարյանը դեռ արտերկրում է ու բուժում է ստանում, իսկ թե ե՞րբ կվերադառնա նախկին քաղաքապետը, փաստաբանը չի կարող ասել։

Տրանսպորտի ոլորտը ղեկավարած պաշտոնյան որպես վկա հարցաքննվել է նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման գործընթացում ավելի քան 23 միլիարդ դրամի չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում։

XS
SM
MD
LG