Մինսկի խմբի գործունեությանը դեմ են Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, համոզված է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Հայաստանին Մինսկի խմբի գոյությունը ձեռնտու է, ասում է նա: «Միանշանակ ձեռնտու է, Արցախի հարցի լուծումը հենց այդ ենթատեքստում է», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:
Հարցազրույցից հատվածներ ներկայացնում ենք ստորև.
Արամ Սարգսյան. - Ես համոզված եմ, որ այս պատերազմը ռուս-թուրքական պայմանավորվածության հետևանք է, և վերջին շրջանի այն հայտարարությունները, որոնք անում է ռուսական կողմը, մասնավորապես ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, հիմնավորում է, որ այդ պայմանավորվածությունները ի սկզբանե են եղել, և այդ պայմանավորվածությունների ենթատեքստում է, որ Լավրովը հրաժարվում է Մինսկի խմբի հետ աշխատելուց այն դեպքում, երբ որ Լավրովի այցելության ժամանակ արդեն ասվել էր, որ Մինսկի խումբը, այսինքն` ԱՄՆ փոխարտգործնախարարը կամ փոխպետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել էր, որ Արցախի հիմնահարցի առումով մենք պատրաստ ենք նաև Ռուսաստանի հետ աշխատել:
Եվ շատ ողջունելի է, ԱՄՆ-ի կողմից շատ ողջունելի քայլ է, որն ուղղված էր Հայաստանին օգնելու, ու Լավրովը պատասխանեց, որ Մինսկի խումբը չի գործում: Այսինքն` իրենք ամեն ինչ անում են, որ խնդիրը լուծեն եռակողմ շրջանակում, որտեղ իրենք պարտավորություններ և պայմանավորվածություններ ունեն, որտեղ երրորդ կողմն արգելվում է: Իսկ Մինսկի խումբը ձեռնտո՞ւ է Հայաստանին. իհարկե, ձեռնտու է, միանշանակ ձեռնտու է, Արցախի հարցի լուծումը հենց այդ ենթատեքստում է, ո՞վ է Մինսկի խմբի գործունեությանը դեմ: Հիմա արդեն պաշտոնապես կա, որ Միացյալ Նահանգները, որ առաջարկել է Մինսկի խումբը հավաքվի, և ռուս համանախագահողը հրաժարվել է: Հաղորդագրություն էլ է եղել այդ մասով, ու Հայաստանի գործող ընդդիմությունը հրապարակում, որ այդ օրերին իրենց ճղում էին, բարձրագոչ կոչեր, ի՞նչ են անում այս ուղղությամբ:
Փաստորեն, Մինսկի խմբի գործունեությանը դեմ են Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը սա հասկանո՞ւմ են, ես կարծում եմ` այդքան տարի քաղաքական փորձ ունեցող, նման պաշտոններ ունեցող մարդիկ միանշանակ սա հասկանում են, չէ՞, ու եթե հասկանում են, իրենց թիմերը սա ինչո՞ւ չեն բարձրաձայնում: Շատ պարզ է, չեն բարձրաձայնում, որովհետև դա իրենց շահերից չի բխում, որովհետև այդտեղ իրենք սպասարկում են Ռուսաստանի շահը` սեփական շահերը ապահովելու համար:
«Ազատություն». - Պարո՛ն Սարգսյան, Արևմուտքը ողջունել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որ դա առնվազն հրադադար է:
Արամ Սարգսյան. - Իհարկե, ողջունել է, իհարկե Արևմուտքն ասում է, որ ամսի 9-ին ստորագրած փաստաթղթի կետերը պահել է պետք, բայց Արևմուտքը դա որպես իրավական լուծում ու վերջնական փաստաթուղթ չի համարել: Նույն Արևմուտքի Հայաստանում գործող դեսպանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ խնդրի համապարփակ լուծման կարող ենք հասնել այն դեպքում, երբ վերջնականապես լուծված է կարգավիճակի հարցը: Կարգավիճակի հարցը հիմա լուծված չէ, հիմա հրադադար է, որը, բարեբախտաբար, պատերազմ չի, և Արևմուտքը դա է ողջունել, ոչ թե ասել, որ դա օրինական է:
«Ազատություն». - Մոտ երեք տասնամյակ քննարկվում էր խառը խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում, դա տեղի չունեցավ, և այստեղ էլ Արևմուտքը, կարծես, խնդիր չի տեսնում մինչև օրս:
Արամ Սարգսյան. - Արևմուտքն առաջարկեց խաղաղապահներ սկանդինավներին, և Հայաստանը և թե Արցախի իշխանությունները միանգամից ասացին` չէ, չէ, ի՞նչ սկանդինավ, այլ լավ կլինի, Արևմո՛ւտք ջան, որ դու մեր բարեկամն ես, դու էլ համաձայնվես, որ ռուսները կանգնեն: Լավ, որ Հայաստանն այդպես ասաց, դե իրենց հետ, չգիտեմ, ՀԱՊԿ անդամ ենք, ԵԱՏՄ անդամ ենք, կապեր և այլն շատ-շատ են, ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, չնայած ես չեմ ընդունում և դա կոպիտ սխալ եմ համարում, քննադատել եմ միշտ թե գործող իշխանությանը ներսի: Արցախի իշխանություններին ես չեմ քննադատում, որովհետև իրենք այնտեղ ապրում են, ինձ բավարար է:
Բա Ադրբեջանը, Ադրբեջանն ինչո՞ւ համաձայնվեց, ինչո՞ւ համաձայնվեց ռուս խաղաղապահների այդտեղ կանգնելուն: Մի ամիս առաջ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանն ասաց, որ իր պետությունը գտնում է, որ ճիշտ կլինի` Արցախում կանգնած խաղաղարարները լինեն բազմազգ, իսկ Բրիտանիան շատ լուրջ ներդրում ու ազդեցություն ունի Ադրբեջանում: Ադրբեջանը որևէ կերպ դրան չարձագանքեց, ինչո՞ւ. որովհետև կա ադրբեջանա-թուրքական և ռուսական պայմանավորվածություն, որովհետև այդ պայմանավորվածությունը եռակողմ է, եղել է մինչև պատերազմը ու ուղղված է մեր դեմ: