Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Կանադայի իր գործընկերոջ՝ Մելանի Ժոլիի հետ:
Հայաստանի ատրգործնախարարության փոխանցմամբ՝ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակն ու ընթացիկ զարգացումները, ինչպես նաև առկա անվտանգային մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ այս համատեքստում կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
Արարատ Միրզոյանն ու Մելանի Ժոլին գոհունակությամբ են արձանագրել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը և ընդգծել փոխադարձ հանձնառությունը՝ ջանքեր գործադրելու հայ-կանադական հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում կանադական կողմի հետ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ողջունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի՝ «Աջակցություն հայկական ժողովրդավարությանը» խորագրով զեկույցը, որը կարևոր դրույթներ է պարունակում՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների նախանշման առումով: