Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ:
ԱԽ գրասենյակի հաղորդմամբ` նրանք քննարկել և ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը:
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հայկական կողմի տեսակետները, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացը:
Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ հակասական հայտարարություններ են անում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները՝ միմյանց մեղադրելով խմբի աշխատանքները խաթարելու համար:
Չնայած Միացյալ նահանգների այսօրվա և ԱՄՆ փոխպետքարտուղարի հունիսի 20 -ի հայտարարություններին, որ Ամերիկան պատրաստ է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում, Ռուսաստանի արտգործնախարարը հունիսի 24 -ին Բաքվում հայտարարել է, որ համանախագահությունը դադարեցրել է աշխատանքը՝ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների նախաձեռնությամբ:
Լավրովի այս հայտարարությունը երեկ տարօրինակ է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով՝ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այլ բան են արձանագրել՝ 2021 թվականի ապրիլի համատեղ հայտարարության մեջ: