Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահը Լորա Հոչլան է


ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահն է Պետդեպարտամենտի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Լորա Հոչլան, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը նշում է նաև, որ վերոհիշյալի մասին պաշտոնապես տեղեկացրել են «ներգրավված բոլոր կողմերին»։

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունն էլ, մեջբերելով Պետքարտուղարության իր աղբյուրի խոսքերը, նշել է. «Տիկին Հոչլան հունիսի 21-ին ուղևորվել է Բրյուսել՝ հանդիպելու Եվրամիությունից և Ֆրանսիայից իր գործընկերների հետ Հայաստանի և Ադրբեջանի համար կայուն խաղաղության հաստատման հարցերով, իսկ հունիսի 27-ին հեռախոսով զրուցել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ»:

Չնայած Վաշինգտոնից հնչող հավաստիացումներին, որ Ամերիկան պատրաստ է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս Բաքվում կրկին պնդել էր՝ բանակցային այդ ձևաչափն այլևս գոյություն չունի, հավելելով, որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո բանակցային այդ գործընթացի աշխատանքն անցյալում է մնացել։
Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը, մինչդեռ, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ընդգծել էր՝ չնայած Ուկրաինայի շուրջ խորը տարաձայնություններին, Ամերիկան պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման։

XS
SM
MD
LG