Մատչելիության հղումներ

Նոր ճանապարհը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջներին․ քաղաքական մեկնաբան


Նոր ճանապարհի կառուցվումը Լաչինի միջանցքից բավականին հարավ է և հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջներին, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

Եթե այդ նոր միջանցքով անցնեն գազամուղը, հոսանքը, ապա, քաղաքական մեկնաբանը չի բացառում Ադրբեջանը հաջորդ քայլով փակի դրանք, որը, նրա համոզմամբ, սոցիալական աղետ կլինի Արցախի 100 հազար հայկական բնակչության համար։

Բաղդասարյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Բաղդասարյան․ - Երբ որ Լաչինի միջանցքի մասին խոսում ենք և նոր ճանապարհի մասին խոսում ենք, նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է, որ նոր ճանապարհը պետք է լինի Լաչինի միջանցքում՝ Բերձորը շրջանցող։ Այս նոր ճանապարհը, որ կառուցվում է, միջանցքում չէ, միջանցքից բավականին հարավ է, ինչպե՞ս է դա եղել, ինչո՞ւ է դա հակասում նոյեմբերի 9-ի պահանջներին, և որ ամենակարևորն է՝ արդյո՞ք այդ նոր միջանցքով են անցնելու նաև կոմունիկացիաները՝ գազամուղը, էլեկտրական լարերը և այլն, էդպիսի հարց չհնչեց, մինչդեռ շատ կենսական նշանակություն ունեցող հարց է, որովհետև փաստացի Արցախի ապագան կախված է դրանից։

«Ազատություն»․ - Պարզ է, որ Բերձորի և մյուս համայնքների փոխանցումն Ադրբեջանին ինչ հույզեր է առաջացնելու, այնտեղ մարդիկ են ապրում, ճակատագրեր, հնարավո՞ր էր սրանից խուսափել։

Բաղդասարյան․ - Չեմ կարծում, թե հնարավոր էր դրանից խուսափել, անկեղծ, բայց մենք էս հետպատերազմյան ժամանակը սխալ ենք օգտագործել, որովհետև կարելի էր էդ իմ ասած կոմունիկացիաների հարցը քննարկել, էդ հարցը կարգավորել, որովհետև աղետ է լինելու՝ հասկանալի են, ակնհայտ են Ադրբեջանի հաջորդ քայլերը․ նրանք փակելու են գազամուղը, հոսանքը և այլն և ասելու են՝ «քանի որ Ադրբեջանը մեր տարածքն է, մենք ինքներս ենք գազ մատակարարելու, հոսանք մատակարարելու», դրա դիմաց բնակչությանը պահանջելու են վճարել ադրբեջանական մանաթով, հասկանալի են չէ՞ հաջորդ քայլերը։ Այսինքն՝ սա կենսական կարևորության հարց է, որը մենք չենք կարողացել լուծել, չենք լուծել, դրա համար էլ խնդիրը միայն էդ երեք բնակավայրերը չեն, ինչն ինքնին արդեն սոցիալական աղետ է, այլ շատ ավելի լուրջ սոցիալական աղետ է լինելու Արցախի 100 հազար հայկական բնակչության համար։

«Ազատություն»․ - Բանը կարո՞ղ է հասնել անցակետին։

Բաղդասարյան․ - Վստահ եմ, որ Ադրբեջանը կփորձի անել դա, գուցե սկզբնական շրջանում դա կանեն ռուսները՝ Ադրբեջանի պահանջով, այսինքն՝ էդ ֆունկցիան, մենք այդպիսի փորձ ունենք չէ՞, որ ռուս խաղաղապահներն արգելեցին Հայաստանի մի քանի քաղաքական գործիչների՝ պատգամավորների մտնել Արցախ, այնտեղ խնդիրներ են առաջանում արտասահմանցիների դեպքում, երբ որ նրանք փորձում են գնալ Արցախ։ Կարծում եմ, որ Ադրբեջանը սկզբնական շրջանում այնտեղ կտեղադրի անցակետ, բայց այնտեղ կաշխատեն ռուսներ՝ սկզբնական շրջանում, հետո արդեն կամաց-կամաց իրենք կսկսեն վերահսկել, ինչպես էդ ճանապարհների վերաբացման դեպքում, չէ որ արդեն հստակ է, հրապարակումներ եղան, թե ինչ մեխանիզմով պիտի գործի, այսինքն՝ էնտեղ ադրբեջանցիներն էլ, եթե այդ տարածքով անցնեն, պիտի ստուգում անցնեն, բայց դրանք հայ պաշտոնյաներ չեն լինելու։

«Ազատություն»․ - Պարոն Բաղդասարյան, էստեղ հարց է առաջանում, լավ, բա ինչի՞ համար են ռուսներն այնտեղ կանգնած, ո՞չ նրա համար, որ Արցախը հայկական մնար։

Բաղդասարյան․ - Ռուսներին ձեռնտու է, որ Արցախը լինի ամբողջովին Ադրբեջանի ենթակայության տակ, բայց այնտեղ հայեր ապրեն և նրանց գլխին միշտ գոյաբանական աղետի սպառնալիքը կախված լինի, որովհետև դա պիտի արդարացնի իրենց մշտական ներկայությունն այնտեղ։

«Ազատություն»․ - Որպես երաշխավո՞ր, որ դուք կմնաք էստեղ։

Բաղդասարյան․ - Իհարկե, եթե այնտեղ չկա հայ բնակչություն, ինչ իմաստ ունի այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը։

Առցանց ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին։ Այսպիսով Փաշինյանը, ըստ էության, հաստատում է, որ Ադրբեջանին են անցնելու Բերձորը, Աղավնոն և Սուսը։ «Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն, Սուսի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, այս պահին տեղեկություններ չունեմ», - ասել էր վարչապետը։ Աղավնոյում պնդում են՝ ոչ մի պարագայում բնակավայրը չեն լքելու։

Բադսարայնաի հետ հարցազրույցն ամբողջությամն կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG