Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ամռանը կավարտի Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի շինարարությունը


Կոռնիձորցի Վաչագան Պետրոսյանի այգուց երևում է ադրբեջանցիների ակտիվ շինարարությունը, կառուցում են Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը, որ պիտի շրջանցի Լաչինի միջանցքը։

«Այդ ճանապարհին սեփական այգի ունեմ ձորում։ Իմ այգու տակով ա անցնում, էնտեղ շինարարություն ա գնում, մոստ են սարքում։ Արդեն իրանց կողմը վերջացրել են, համարյա արդեն անցել են մեր կողմում են աշխատում», - «Ազատությանն» ասաց Պետրոսյանը։

Ադրբեջանի ավտոճանապարհային պետական գործակալության ղեկավար Սալեհ Մամեդովը երեկ հայտարարել է, որ այս ամռանը ճանապարհն արդեն շահագործման կհանձնվի. - «Այդ ճանապարհի երկարությունը 28 կիլոմետր է, որի 17 կիլոմետրն արդեն կառուցված է։ Ճանապարհի շահագործումը պլանավորվում է մինչև ընթացիկ տարվա հուլիսը»։

Ադրբեջանը շտապում է Բերձոր-Լաչինը ադրբեջանական դարձնել, այժմ այդտեղով է անցնում Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։

Եռակողմ հայտարարությամբ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի։ Երեք տարին չանցած ոչ թե նախագծի, այլ շինարարության ավարտի մասին է խոսում Ադրբեջանը, իսկ հայկական կողմը առայժմ ոչինչ չի ասել այս ճանապարհի մասին։

Այսօր էլ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն ասաց, թե ասելիք չկա, քանի դեռ բոլոր դետալները հստակեցված չեն։ Ի դեպ, այդ շինարարությունը շատ պարզ տեսանելի է թե' Սյունիքի Կոռնիձորի, թե' Արցախի Բերդաձորի գյուղերից։ Ավելին՝ ադրբեջանական շինարարությունը հայկական տարածքներ է հասել։

«Դե համարյա հասել են Հին Շեն, հենց գյուղի տակը։ Էնտեղով ճանապարհը գալիս ա, սարքելով գալիս են», - ասաց Արցախի Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը։

Արցախի Բերդաձորի ենթաշրջանի համայքնների ղեկավարները ռուս խաղաղապահներից ու ադրբեջանական կողմից են տեղեկացել նոր ճանապարհի երթուղու մասին։ Երևանից Արցախ գնալիս Բերձորի ու Շուշիի հատվածները շրջանցում ես, Սյունիքի Տեղ գյուղից դեպի Կոռնիձոր ես գնում, մտնում Արցախ՝ Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով։

Ադրբեջանցի պաշտոնյան երեկ հայտարարել էր նաև, թե Լաչինը շրջանցող այլընտրանքային ճանապարհից կօգտվեն և՛ հայերը, և' ադրբեջանցիները։

Մեծ Շենի համայնքապետն ասում է, որ խոսքը կամրջի մասին է, որ դեռ պետք է կառուցվի. - «Կամուրջ ա ըլնելու։ Մենք իրանց ճանապարհը չենք մտնելու, իրանք՝ մերը։ Ուղղակի տակով իրանք են անցնելու դեպի Լաչին, իսկ մերոնք էդ կամուրջի վրայով անցնելու են մեր հատվածը»։
Տեղում, ըստ Դավթյանի, հիմնականում թուրք շինարարներ են աշխատում։

Այն, որ Լաչինի միջանցքը շրջանցող նոր ճանապարհը Կոռնիձորով է Արցախ մտնելու, գյուղում լսել են, շինարարությունը տեսանելի է, բայց պաշտոնական զրո տեղակտվություն, նույնիսկ վարչական ղեկավարին ոչինչ հայտնի չէ։

«Պաշտոնական տեղեկատվություն կապված ճանապարհի հետ, մենք չունենք», - «Ազատությանն» ասաց Կոռնիձորի վարչական ղեկավար Լուսինե Քարամյանը։


Կոռնիձորը երեք կողմից ադրբեջանցիներով է շրջապատված, այս պատերազմից հետո արոտավայրեր են կորցրել, վարելահողերն էլ Ադրբեջանի նշանառության տակ են։

Գրավիկ Խաչայանին գրավիչ է թվում նոր ճանապարհի Կոռնիձորով անցնելու հեռանկարը, քչից շատից եկամուտ կլինի. - «Գյուղատնտեսությամբ ենք մենք զբաղվում գյուղում։ Էդ ճանապարհը եթե գյուղով անցնի, մարդիկ կարող են իրենց արտադրած մթերքները անգամ օգտագործեն կամ իրացնեն ճանապարհով գնացող մարդկանց համար։ Շատ դա բնական կլինի և ցանկալի կլինի, որպեսզի գյուղով անցնի»։

«Բոլոր ճանապարհներն էլ լավ են, բայց՝ բարեկամի հետ», - կասկածներ ու տագնապներ ունի Գառնիկ Կարապետյանը. - «Դուք ասեք ինչ ա լինելու վաղը, ես ասեմ ճանապարհը մեզ համար նպատակահարմար ա, թե ոչ»։

Ըստ Կարապետյանի, պատերազմից հետո սահմանների, անվտանգության հարցերը պարզված չեն։ Ասում է՝ խաղաղության եմ տրամադրվում, նոր ճանապարհն էլ վատ չէ, բայց վայ հարևանին չեմ վստահում. - «Պատերազմները նզովված են։ Ես մասնակցել եմ առաջին Ղարաբաղյան պատերազմին, ես գիտեմ ինչ է նշանակում պատերազմ և չեմ ցանկանում, որ պատերազմ լինի։ Բայց հեղհեղուկ խաղաղությունը դա ևս հաշվեք որ պատերազմ է։ Ասել է թե՝ վառոդ, կրակին մոտիկ դրված... Ո՞ւմ ա պետք էդ խաղաղությունը, դա խաղաղությո՞ւն ա...»

«Որովհետև թշնամանքը խորացած ա, մակերեսային չի, որ ասենք մի քանի օրում կվերջանա, կամ մի քանի տարում կվերջանա։ Այս թշնամանքը շատ խորացած ա», - ասում է Վաչագան Պետրոսյանը, ով նույնպես մտավախություն ունի։ Նոր ճանապարհը եթե Կոռնիձորով անցնի, գուցե մի քիչ ակտիվանա Գորիսի տարածաշրջանի մյուս համայքններից կտրված այս գյուղը, բայց առաջնայինը, ասում է, անվտանգության հարցերն են։

Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի մասին հայկական բնակավայրերում առայժմ խոսում են կասկածով, անվստահությամբ ու անորոշությամբ։

XS
SM
MD
LG