Ինչո՞ւ ռուս խաղաղապահներն արգելեցին Հայաստանի ընդդիմադիր պատգամավորներին Արցախ մտնել։ Ռուսական կողմը հրապարակային ոչինչ չի հայտարարել, բայց պարզաբանում ներկայցնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին։
«Այո, ռուսական կողմից եղել է պարզաբանում, որ սադրանքներ կարող են տեղի ունենալ, և ահա այդ սադրանքներից Լեռնային Ղարաբաղը զերձ պահելու համար նրանց մուտքը նպատակահարմար չի դիտվում»։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները հաճախ են Արցախ մեկնում։ Սա առաջին դեպքը չէր։ Թե ինչու պետք է ադրբեջանական կողմը սադրանքներով արձագանքեր ընդդիմադիրների այցին, Արարատ Միրզոյանը չմանրամասնեց՝ ասելով. - «Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա այն հստակորեն արտացոլված է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Այն է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքով շարժի որևէ սահմանափակում նախատեսված չէ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, առավել ևս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները պետք է անարգել մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ»։
Արարատ Միրզոյանը ղեկավարած գերատեսչուոթյւնը երեկ մտահոգություն էր հայտնել ռուս խաղապահների արարքի առնչությամբ։
Վարչապետ Փաշինյանն այսօր իր տարակուսանքն արտահայտեց. - «Տարակուսանքի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ երեկ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ»։
Իսկ մտահոգությունից ու տարակուսանքից բացի ի՞նչ քայլեր են արել, որ ռուս խաղաղապահները չխոչընդոտեն Հայաստանի քաղաքացիների ու պատգամավորների մուտքը։ Վարչապետն ու արտգործնախարարը չմանրամասնեցին։ Հիշեցրին նոյեմբերյան հայտարարությունը, որով ամրագրվել է, որ Լաչինի ճանապարհը պետք է անխափան գործի։
«Ինչո՞ւ է տարակուսանքի տեղիք տալիս։ Որովհետև այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանքը հենց դրա համար է նախատեսված, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը», - ասաց Փաշինյանը»
44-օրյա պատերազմի ավարտից հետո «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամվոր Տիգրան Աբրահամյանը 17 անգամ է Արցախ մեկնել։ Չի եղել դեպք, որ որեւէ արգելքի հանդիպի։ Երեկվա պատվիրակությունում ինքն էլ է եղել։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, Ռուսաստանն ինքնակամ այդպիսի արտառաոց որոշում չէր կայացնի։ Պնդում է՝ գործել են Հայաստանի ղեկավարության հրահանգով. - «Հաշվի առնելով հանգամանքը, որ տարբեր ձևաչափերով, ուղղակի և անուղղակի ձևով կա նաև Ադրբեջանի և Հայաստանի տարբեր գերատեսչությունների ղեկավարի միջև՝ ես կարծում եմ, որ տեղի է ունեցել քննարկում, Ադրբեջանը դժգոհություն է հայտնել Արցախում նախատեսված լուծումների հետ կապված և դրանում Հայաստանի ընդդիմադիր ուժերի մասնակցության վերաբերյալ։ Եվ Հայաստանի իշխանությունը փորձել է իր մասով իրավիճակը այսպես ասած շտկել, և որպես բարի կամքի դրսևորում, ուղղակի արգելք է մտցրել հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունների Արցախ այցին»։
Պատգամավորները Արցախ էին մեկնում՝ մասնակցելու խորհրդարանական լսումներին, որն Արցախի անվտանգության օրակարգով էր։ Տիգրան Աբրահամյանի կարծիքով, պատահական չէր, որ մինչև մեկնելը իշխանականները իրենց գործողությունները որակում էին պատերազմ հրահրելու սադրանք։
Որքանո՞վ է տրամաբանական, որ հրահանգեին, իսկ հետո մտահոգություն ու տարակուսանք հայտնեին։ Ընդդիմադիր պատգամավորին իշխանության հայտարարությունները չեն համոզել. - «Այն դերասանությունը, որը տարբեր խաղարկումների միջոցով տեսնում ենք, տարբեր իշխանության դեմքերի, այդ թվում Նիկոլ Փաշինյանի կողմից, որևէ զարմանք չի առաջացնում»։
«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները Արցախ ուղևորվեցին երեկ։ Նախ Ազգային ժողովի դահլիճ ներկայացան Արցախի դրոշներով, ապա նիստը բոյկոտեցին ու հեռացան։
«Հայաստան» խմբակցությունն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով,որ Արցախ պատգամավորների մուտքի արգելքը դեռ չի վերացել։