Թուրքիան, որը մինչև վերջին պահը սպառնում էր արգելափակել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, երեկ ուշ երեկոյան ի վերջո մտքափոխվեց։ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Անկարան այժմ պատրաստ է աջակցել սկանդինավյան զույգի թեկնածությանը։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ մենք համաձայնության հասանք, որը Ֆինլանդիայի և Շվեդիայի համար ճանապարհ է բացում դեպի ՆԱՏՕ։ Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան համատեղ հուշագիր են ստորագրել, որը հաշվի է առնում Թուրքիայի շահերը՝ ներառյալ զենքի արտահանումը և ահաբեկչության դեմ պայքարը», - Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին հայտարարել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ -ի կանոնների համաձայն՝ կազմակերպության նոր անդամի միանալու համար անհրաժեշտ է բոլոր դաշնակիցների միաձայն հավանությունը։
Շվեդիան և Ֆինլանդիան որոշել են հրաժարվել երկարամյա չեզոքության կարգավիճակից և ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել անվտանգության հետ կապված աճող մտահոգությունների պատճառով, որոնք ի հայտ են եկել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին։ Բայց այդ ճանապարհին անսպասելի խոչընդոտի են բախվել․ դաշինքի ամենաազդեցիկ անդամներից մեկը համարվող Թուրքիան սպառնում էր վետոյի իր իրավունքը կիրառել՝ այդ երկու երկրներին մեղադրելով իր թշնամիներին աջակցելու համար։ Խոսքը մասնավորապես քուրդ զինյալների մասին է, որոնց Էրդողանի վարչակազմն ահաբեկիչներ է համարում, և որոնք ապաստան են ստացել սկանդինավյան երկրներում։ Թուրքիայի նախագահն այդ երկրներն անվանել էր «ահաբեկչական կազմակերպությունների հյուրատուն»։
Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ երեկ ստորագրված փաստաթղթում Ստոկհոլմն ու Հելսինկին Անկարային խոստացել են արտահանձնել Թուրքիայում ահաբեկչության մեջ մեղադրվող մի խումբ միգրանտների։ «Արտահանձնումը մեծահոգություն է, որին ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցները դիմում են ահաբեկչական գործունեության համար դատապարտված անձանց դեպքում», - շեշտել է դաշինքի ղեկավարը։
Պաշտոնական Անկարան հատուկ տարածած հայտարարությամբ ընդգծում է՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ բանակցություններում «ստացել է այն, ինչ ցանկանում էր»։ Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության՝ այդ երկու երկրները պատրաստակամություն են հայտնել «Թուրքիայի հետ լիովին համագործակցել Քրդստանի բանվորական կուսակցության և այլ խմբավորումների դեմ պայքարում, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություններ»։
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն հաստատել է՝ պարտավորվել են միմյանց աջակցել սպառնալիքների դեմ պայքարում, Թուրքիան էլ պատրաստակամություն է հայտնել աջակցել իրենց ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում:
Ակնկալվում է, որ երեկ Մադրիդում մեկնարկած ՆԱՏՕ-ի եռօրյա գագաթնաժողովը կդառնա արևմտյան ռազմական դաշինքի վերջին տարիների կարևորագույն գագաթնաժողովներից մեկը, որը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի սահմանների հարևանությամբ չորս ամիս շարունակվող պատերազմի ֆոնին։
Հավաքի մեկնարկին կառույցի ղեկավարը հայտարարել է, որ դաշինքը նոր ռազմավարական հայեցակարգ կընդունի, որը կդառնա ՆԱՏՕ-ի գործողությունների ծրագիրը հաջորդ տասնամյակների համար: Ըստ այդմ՝ ռազմական կազմակերպությունը մտադիր է ամրապնդել իր պաշտպանունակությունը, ավելացնել արևելյան թևում ռազմական ներկայությունը, բարձրացնել մարտական պատրաստությունը։