Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի երեք վճիռ է կայացրել, որոնցով եզրահանգել է՝ խախտվել են Նորքի զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի և ևս երկու մասնակիցների իրավունքները։
Ստրասբուրգի դատարանը ծանր հոդվածներով մեղադրվող երեք մեղադրյալներին տևական ժամանակ կալանք տակ պահելը համարել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում։
«Խոսքը գնում էր նախնական կալանքի մասին, որն, ըստ էության, մենք բողոքարկել ենք, բոլոր երեք ատյաններում, որից հետո, իհարկե, դիմել ենք Եվրադատարան, տարիներ անց ստացել ենք պատասխան, որ ըստ էության, այն կալանքը, որ մեզ տվել են, չարչարանքն ու խոշտանգումների միջով, բարոյահոգեբանական իհարկե, որ անցել ենք, եղել է իսկապես անհիմն, ոչ արդարացի, որի հիման վրա Եվրոպական դատարանը որոշում է կայացրել ու արդարացի է համարել մեր պահանջը», - նշեց Վարդանյանը:
Ըստ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ զինված խմբի 20 անդամները՝ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ 2015 թվականին ծրագրել էին բռնությամբ իշխանությունը զավթել։ Արդեն 6 տարի ձգվող դատաքննությունը մոտենում է ավարտին։ Այսօր հերթական նիստն էր։ Վարդանյանն ասաց՝ կալանքի տակ չորս տարի է անցկացրել և բանտից ազատ արձակվել միայն 2018-ի հեղափոխությունից մեկ տարի անց՝ 2019 թվականի սեպտեմբերին 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
«Խնդիրը նրանում է եղել, որ ամեն երկու ամիսը մեկ նախաքննության ընթացքում երկարացրել են մեր կալանքը մոտ մեկ տարի: Ի դեպ, ասեմ, որ հիմքը, ըստ էության, հանդիսանում էր այն, որ քննիչը պատճառաբանում էր նրանով, որ մենք կարող էինք խոչընդոտել նախաքննությանը, որից հետո նաև կալանքի տակ ենք մնացել դատաքննության ընթացքում, որը մեղադրող կողմը արդարացնում է նրանով, որ մենք կարող էիք խոչընդոտել դատաքննությանը, թաքնվեինք և այլն: Փաստացի Եվրադատարանը գտավ, որ անհիմն է եղել և՛ մեղադրող կողմի, և՛ քննիչների կողմից ներկայացված.... Մոտ երկու տարի ութ ամիս համարյա մենք տեսակցություն և զանգեր չենք ունեցել, մեր տեսակցությունն ու զանգերը բացվել են ու արտաքին աշխարհի հետ կապի հնարավորություն ենք ունեցել 2018 թվականից հետո», - նշեց Վարդանյանը:
Եվրոպական դատարանը որոշել է, որ պետությունը պետք է Արթուր Վարդանյանին, Հարություն Սարիբեկյանին իրավունքների խախտման համար 6000-ական եվրո վճարի։ Մյուս դիմումատուի՝ Խաչիկ Ավետիսյանի դեպքում փոխահատուցում նախատեսված չէ։ Միջազգային դատարանը նաև եզրակացրել է, որ Նորքի զինված խմբի երեք անդամների կալանավորման որոշումները երկարատև են եղել ու չեն համապատասխանել կոնվենցիայի դրույթներին։ Այսինքն, մարդուն պետք է կալանքի տակ պահել, երբ կա հիմնավոր կասկած, որ նա ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը կամ կթաքնվի քննությունից։ Դատարանի կայացրած ընդհանուր վճռում նշվում է նաև, որ հայաստանյան դատարանները մեղադրյալներին կամայականություններից պաշտպանվելու հնարավորություն չեն տվել։
Նույնաբովանդակ մի վճիռ էլ երեկ Եվրադատարանը կայացրել է տարիներ առաջ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան բակում սպանված Ավետիք Բուղադյանի եղբոր՝ Արա Բուղաղյանի գործով։ Այս դեպքում էլ 2.000 եվրոյի փոխհատուցում է նախատեսված։
7 տարի առաջ Սյունիքի նախկին մարզպետի դեմ կատարված մահափորձի գործով մեղադրվող Արա Բուդաղյանը կալանքի տակ էր անցկացրել 1 տարի։
«Մենք շատ լուրջ հիմքեր ունենք մտածելու, որ կարող է հանցագործության նմանակում տեղի ունեցած լինի, նախաքննական մարմինը համարում էր, որ դա հանցագործություն է: Ինչևէ, այդ դեպքի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց Արա Բուդաղյանին, իբրև թե Արա Բուդաղյանն է նախապատրաստել Սուրիկ Խաչատրյանի դեմ, իբրև թե, մահափորձը», - ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
Հետագայում Արա Բուդաղյանի դեմ գործը դատարան չէր ուղարկվել, նրա մասնակցությունը Խաչատրյանի ավտոմեքենայի վրա հարձակմանը չէր հիմնավորվել։ Բայց Բուդաղյանը, այնուամենայնիվ, որոշել էր դիմել Եվրոպական դատարան։
«Եվրոպական դատարանը մեզ հետ համաձայնել էր, գտել էր, որ՝ այո, Արա Բուդաղյանի նկատմամբ այդ կալանավորումների ընթացքում խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ կետը, հիմա մենք այս վճռից հետո դիմելու ենք ներպետական ատյաններ, որպեսզի բոլոր այդ որոշումները վերանայվեն: Եթե մեր դատական համակարգը դեռ մինչև վերջ չի հասել այն վիճակին, որ վիճակում պիտի լիներ, եթե ինքը դեռ բավականին մեծ քնակով, մեծ խախտումներով կալանավորումներ է իրականացնում, դա ավելի շատ փաստաբանների թերացումն է. բավարար համառություն չի դրսևորվում, որովհետև եթե բոլոր անօրինական կամ անհիմն կալանավորումների գոնե 10 տոկոս դեպքում փաստաբանները Եվրոպական դատարան հասնեին, մենք արդեն վաղուց այդ խնդիրը չէինք ունենալու», - ընդգծեց ալումյանը:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տվյալներով, Հայաստանի դեմ կայացված վճիռներում ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումները երկրորդ տեղում են, առաջին տեղում՝ արդար դատաքննության իրավունքի խախտումն է։