Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց փաստաբան Հայկ Ալումյանի՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:
«Որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը՝ անհապաղ ազատ արձակելով կալանքից դատական նիստերի դահլիճում», - հայտարարեց Բեկթաշյանը:
Շիրխանյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը:
Նախորդ նիստերի ժամանակ ազատ էին արձակվել այս գործով անցնող Գառնիկ Մարգարյանը, Էդուարդ Ներսիսյանը և Հարություն Սարիբեկյանը: Նրանց խափանման միջոց կալանքը ևս փոխվել էր:
2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերել էին տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում՝ զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբի 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երեք տասնյակ անձանց:
Ըստ մեղադրանքի, գործով անցնող գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանն իր հավաքագրած զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել Նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա՝ Հայաստանում իշխանությունը բռնությամբ յուրացնելու նպատակով:
Մեղադրող կողմը պնդում է, թե Շիրխանյանը այս հարցում աջակցել է Արթուր Վարդանյանին: Շիրխանյանը չի ընդունում մեղադրանքը:
Դատարանի դահլիճից դուրս գալիս պատասխանելով «Ազատության» հարցերին՝ Պաշտպանության նախկին փոխնախարարն իր ազատումը պայամանավորեց նախկին իշխանությունների հեռացումով․ - «Հայաստանում չարիքի իշխանության վերացումով: Ես բոլորիդ շնորհավորում եմ Հայաստանում չարիքի իշխանության դադարեցումը: Իմ ազատվելը, այստեղից դուրս գալը պայմանավորված է միայն դրանով»:
Վահան Շիրխանյանը ներկա իշխանությունների գորոծողությունները որակեց՝ «գերազանց»՝ մաղթելով, որ շարունակեն նույն կերպ:
Անդրադառանալով ԱԱԾ-ի վերջին օրերի աղմկահարույց բացահայտումներին, մասնավորապես ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքին՝ Շիրխանյանն ասաց, թե գեներալը չի դիմացել ո՛չ փողի, ո՛չ աթոռի փորձությանը․ - «Մարդու համար ամենածանր փորձությունը աթոռն է և փողը: Մանվելը չի դիմացել ո՛չ աթոռի փորձությանը, ո՛չ էլ փողի փորձությանը: Եվ ընկել ա ամենաստոր վիճակի մեջ»:
«Ազատության» հիշեցմանը, որ վերջերս աղմկահարույց բացահայտումներ եղան նաև Պաշտպանության նախարարությունում, և հարցին, թե արդյոք դա պայմանավորված չէ նախկին նախարարների վատ աշխատանքով, Շիրխանյանն արձագանքեց․ - «Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարարությունը դարձրել էր շուրջօրյա խանութ, դուքան, վաճառք օր ու գիշեր: Եվ բնական է, որ դա պետք է վերևից իջներ զորամասեր: Հիմա դա բացահայտվել է, և լավ է, որ բացահայտվել է: Բայց վատ է, որ փառապանծ բանակի հասցեին, պատվին է կպնում դա: Ես շատ եմ ցավում դրա համար»:
Հարցին, թե արդյոք իր պաշտոնավարման ընթացքում եղել են նման երևույթներ, նախկին փոխնախարարը պատասխանեց․ - «Դրանք անմիջապես կանխվում էին: Դե, մարդը թույլ է, մարդը միշտ էլ կարող է նման բաների գնալ, բայց դրանք շատ քիչ էին, շատ քիչ, և կանխվում էր անմիջապես»:
Նկատենք, որ ավելի վաղ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանից տեղեկացել էինք, որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ: Այսօր արդեն լրատվամիջոցների հետ զրույցում Շիրխանյանն ասաց, որ հիմա
հանգստնալու է և վերականգնվելու: