Մատչելիության հղումներ

Նորքի զինված խմբի գործով դատավարությանը շարունակվեց գաղտնալսումների հրապարակումը


2015-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված Նորքի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստին մեղադրող կողմը շարունակեց հրապարակել զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի և այս գործից անջատված մասով դատապարտված Հակոբ Հակոբյանի միջև հեռախոսազրույցների գաղտնի ձայնագրությունները:

Հայաստանում բռնությամբ զինված հեղափոխություն իրականացնելու փորձի մեջ մեղադրվող Վարդանյանը իր զրուցակցի հետ ենթադրաբար խոսում էր գաղտնաբառերով․ օրինակ՝ սկզբում խոսակցությունը փուչիկներ մասին էր, րոպեներ անց, սակայն, զենքերի անուններ էին նշում՝ ընգդծելով դրանց գները: Հակոբյանը Վարդանյանի առաջարկում էր գնալ ու զենքերը գնել հենց պահեստից:

Արթուր Վարդանյանի առաջարկով զենք-զինամթերք հայթայթելու համար 3.6 տարվա ազատազրկման դատապարտված Հակոբ Հակոբյանը նախորդ նիստերից մեկում ցուցմունք էր տվել ու նշել, թե չի իմացել, որ այդ զենքը նախատեսված է Հայաստանում իշխանությունը զավթելու համար: Նա ընգծել էր, թե Արթուր Վարդանյանն իրեն ասել է, որ զենքը Սիրիայի համար է:

Գաղտնալսված հեռախոսազրույցների հրապարապարկումն ընդհատվեց, երբ Արթուր Վարդանյանի փաստաբաններից Լեւոն Բաղդասարյանը, դիմելով դատավոր Արմեն Բեկթաշյանին, ասաց․ - «Ես չգիտեմ այս սերիալային ձայնագրության ապացուցողական նշանակությունը որն է՝ այն դեպքում, երբ Արթուրին ձերբակալելու պահից սկսած նա հայտարարել է, որ զենքը, որ հայտնաբերվել է իր մոտ, իրենն է, և միևնույն ժամանակ տեղեկացրել է, թե ինչի համար է անհրաժեշտ: Շատ ցանկալի է, որպեսզի ձայնագրողը և կոմպետենտ օրգանները բերեն իրենց հեռախոսային խոսակցությունները երրորդ անձանց հետ, թե ինչ ծավալ է․․․ որպեսզի էստեղ զավեշտի չվերածվի»:

Երբ Արթուր Վարդանյանի փաստաբանը նիստը հետաձգելու պահանջով միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ իր վստահորդի կյանքին վտանգ է սպառնում, որովհետև նրա առողջական վճակը գնալով վատթարանում է, ամբաստանյալներից Ապար մականունով 70-ամյա Էդուարդ Ներսիսյանը վրդովվեց՝ դատն ավարտվում է, ինչքա՞ն պետք է գնան ու գան:

Բաղդասարյանը սակայն շարունակեց՝ Վարդանյանի ջերմությունը չի կարգավորվում, աչքերի դեղնությունն ակնհայտ է, գլխապտույտ, երբեմն նաև՝ գիտակցության կորուստ է ունենում, որովայնի շրջանում սուր ցավերը կան, մարմնի որոշ հատվածներում կարմիր հետքեր են գոյացել և այլն:

Դիմելով դատարանին՝ փաստաբանն ասաց, որ թեև Վարդանյանի մոտ բրոնխիտ է ախտորոշվել, ստացել է բուժման ամբողջական կուրսն ու տարբեր բուժզննումներ անցել, միևնույնն է, նրա առողջական վիճակը չի բարելավվում ու քաղաքացիական հիվանդանոցում բուժումը շարունակելու կարիք կա:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը նիստը հետաձգեց մինչև հաջորդ շաբաթ ու ասաց, որ Արթուր Վարդանյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը դատարանը կուղարկի քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք՝ ըստ ԱԱԾ-ի, գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանը 20 հոգուց բաղկացած իր զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։

Այս գործով անցնող գլխավոր մեղադրյալներից է նաև Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ով մեղադրվում է այդ խմբավորման հետ համագործակցելու և դրա օգտին գործելու մեջ: Գործով մեղադրանք է առաջադրվել 33 հոգու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG