Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն ահազանգում է՝ Նորքի զինված խմբի գործով գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են առողջական խնդիրներ։
ՄԻՊ գրասենյակից հաղորդում են, որ Պաշտպանի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելել են Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Վարդանյանին, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:
Ըստ հաղորդագրության, փետրվարի 19-ին Պաշտպանի թեժ գծին արված ահազանգով Արթուր Վարդանյանը հայտնել է, որ իր առողջական վիճակը վատթարացել է, մասնավորապես՝ արդեն 12 օր է չի կարողանում սնունդ ընդունել, ունի քաշի կորուստ, մարմնի ընդհանուր թուլություն, տեղաշարժվում է դժվարությամբ, պարբերաբար ունենում է փսխումներ և արյունահոսություն:
Ինչպես ՄԻՊ գրասենյակից են փոխանցում, Վարդանյանը նաև նշել է, որ քաղաքացիական հիվանդանոցից դուրս է գրվել առանց բուժումն ավարտելու, իրեն առաջարկել են ստացիոնար բուժում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որից հրաժարվել է նախկինում այնտեղ պատշաճ բուժում չստանալու պատճառաբանությամբ: Արթուր Վարդանյանը խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր նախընտրած բժշկի մոտ իր բուժումը կազմակերպելու հարցում։
Ըստ ՄԻՊ հաղորդագրության, ահազանգի հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, տեղի է ունեցել այց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
«Առանձնազրույցի ընթացքում Արթուր Վարդանյանը կրկին գանգատվել է առողջական խնդիրներից՝ նշելով, որ 13 օր է չի կարողանում սնվել, ամբողջ սնունդը փսխում է անգամ ջուր խմելիս, ունի ջերմություն, մկանային ջղաձգումներ, արյան զարկերակային ճնշումը բարձր է, իսկ օրգանիզմը՝ ջրազրկված: Նա նշել է, որ ընդունում է ցուցված դեղորայքը, սակայն առողջական վիճակի լավացում չի արձանագրվում: Ա. Վարդանյանը ցանկացել է հետազոտություն անցնել քաղաքացիական հիվանդանոցում՝ իր նախընտրած բժշկի մոտ: Վերջինիս բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա. Վարդանյանն անցել է իր նախընտրած բժշկի նշանակած մի քանի լաբորատոր-գործիքային հետազոտություններ, 2019 թվականի փետրվարի 19-ին զննվել է Քրեակատարողական ծառայության բժշկական կոնսիլիումի կողմից, և առաջարկվել է նրան տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ ստացիոնար բուժման: Ա. Վարդանյանի բժշկական քարտում կատարված գրառումների համաձայն՝ վերջինիս մոտ արձանագրվել է սուբֆեբրիլ ջերմություն, քաշի կորուստ, հաճախասրտություն, ցավեր որովայնի շրջանում, փսխումներ, սնվելու դժվարություններ, ինչպես նաև լաբորատոր հետազոտության արդյունքում արձանագրվել է լեյկոցիտոզ», - ասված է հաղորդագրությունում:
ՄԻՊ գրասենյակը նշում է, որ Արթուր Վարդանյանի առողջական վիճակի հարցը Պաշտպանի ներկայացուցիչը քննարկել է նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ:
«Խնդրի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Քրեակատարողական ծառայություն է հասցեագրվել գրություն՝ կապված Արթուր Վարդանյանի առողջական վիճակի դինամիկայի և նրան տրամադրվող բուժօգնության ծավալների հետ: Բարձրացվել է նաև սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի մոտ Արթուր Վարդանյանի բուժումը կազմակերպելու հարցը: Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանի առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգ է սկսել դեռևս 2018 թվականի դեկտեմբերին, և նրա առողջական վիճակի դիտարկումը կրում է շարունակական բնույթ», - ասված է հաղորդագրությունում։
2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: Խուզարկության ընթացքում հայտնաբերել էին զինամթերք։ Ըստ մեղադրանքի, գործով անցնող գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանը 20 հոգուց բաղկացած իր զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել Նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա՝ Հայաստանում իշխանությունը բռնությամբ յուրացնելու նպատակով: