Մատչելիության հղումներ

Զախարովան կասկածի տակ է դնում ԵԱՀԿ ՄԽ-ի վերաբերյալ ԱՄՆ փոխպետքարտուղարի հայտարարության անկեղծությունը


Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կասկածի տակ է դրել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հայտարարությունների անկեղծությունը։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան օրերս ասել էր, թե ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման։

«Թույլ տվեք կասկածի տակ դնել Քերըն Դոնֆրիդի հայտարարության անկեղծությանը։ Եթե Վաշինգտոնն ու Փարիզը Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը իրականում կարևոր համարեին, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր մասնակից պետությունների կողմից հաստատված մանդատը: Մինչդեռ նրանք առանց որևէ խորհրդակցության ցուցադրաբար խզեցին շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ փետրվարի 24-ին։ Այսպիսով եռյակի աշխատանքին շատ հարցերում հասցվել է անդառնալի վնաս», - նշել է Զախարովան։

Պաշտոնական Մոսկվան պնդում է, թե իր համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է խզվել կապը իրենց համանախագահի հետ։ Պատճառների մասին հստակ բացատրություն չեն ստացել, ասել է Զախարովան, շարունակելով, թե «երաշխիքներ չկան, որ նման անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի»։

Օրերս «Ազատությանը» տված հարցազրույցում ԱՄՆ փոխպետքարտուղարը մինչդեռ հայտարարել էր, որ չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը:

«Մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին, մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում: Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը, և մենք կշարունակենք դա անել առաջիկայում», - նշել է Դոնֆրիդը:

«Ազատության» հարցին՝ «համագործակցելով Ռուսաստանի՞ հետ», ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան պատասխանել է. - «Այո, Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է, այնպես որ, այո, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը»:

Ըստ քաղաքագետի, այս հայտարարություններով Ռուսաստանը փորձում է ԵԱՀԿ ՄԽ փաստացի չգոյության պատասխանատվությունը գցել ԱՄՆ-ի վրա

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ այս հայտարարություններով Ռուսաստանը փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի չգոյության պատասխանատվությունը գցել Միացյալ Նահանգների վրա։

Դեռ ապրիլին էր Մոսկվան հայտարարել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահ Իգոր Խովաևը աշխատանքը կշարունակի նոր կարգավիճակով՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։ Դրան նախորդել է Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը, թե Ֆրանսիան ու ԱՄՆ-ը հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում։

«Կարծում եմ, այնուամենայնիվ, ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո որոշակի հնարավորություններ կբացվեն այս ձևաչափում հարաբերությունների վերականգնման, միգուցե նաև ինչ-որ համագործակցության համար, սակայն Մինսկի խմբի ապագայի հետ կապված, իհարկե, ավելի լուրջ խնդիրներ կան: Այդ խնդիրն առաջին հերթին Ադրբեջանի դիրքորոշումն է, որ չի ցանկանում այդ ձևաչափով որևէ բանակցություն անցկացնել: Այդ առումով, ամենայն հավանականությամբ, Մինսկի խումբը շարունակելու է ֆորմալ առումով գոյություն ունենալ, սակայն հայ-ադրբեջանական համատեքստում միջնորդական առաքելությամբ կամ ավելի ակտիվ առաքելությամբ զբաղվելու են մյուս դերակատարներն ու ձևաչափերը», - նշեց քաղաքագետը:

Բաքուն պատերազմից հետո պնդում է, թե ղարաբաղյան հարցը լուծված է, իսկ նախագահ Ալիևն իր հրապարակային հայտարարություններում պարբերաբար թոշակի է ուղարկում համանախագահներին։

44-օրյա պատերազմից հետո տարածաշրջան այցելել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձին համանախագահներ, բայց ողջ պատվիրակությունը՝ ոչ։ Հայկական կողմը, սակայն, պարբերաբար հայտարարում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն։ Պաշտոնական Երևանը ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը շարունակում է տեսնել 30 տարի առաջ ձևավորված այս հարթակում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG