Մատչելիության հղումներ

Փաշինյանը Կլաարի հետ հանդիպմանն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեության կարևորությունը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան-ԵՄ գործընկերությունը և բարձր գնահատել ԵՄ-ի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային կայունությանը միտված ջանքերը:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ տարածաշրջանային խաղաղության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:

Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրամիությունը կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը և աջակցում է տարածաշրջանային երկխոսությանը:

Հայաստանի վարչապետն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Անդրադարձել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքներին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցերի:

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը մայիսի 22-ին Բրյուսելում հանդիպել էին՝ Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ: Բրյուսելյան հանդիպումից հետո ադրբեջանական կրակոցից ևս մեկ հայ զինծառայող զոհվեց, նախագահ Ալիևն էլ, վերադառնալով Բաքու հայտարարել է, թե Փաշինյանը ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները, այդ թվում՝ համաձայնել զանգեզուրյան միջանցք բացել։ Երևանը հերքել է, բանակցություններին ներկա Շառլ Միշելը՝ ափսոսանք հայտնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG