Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն ասել է, թե մտադիր է Թուրքիայի պաշտոնյաների հետ քննարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում Անկարայի հայտնած մտահոգությունների թեման:
Այդ մասին Ուոլեսը խոսել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, որտեղ բրիտանացի զինծառայողների առաջնորդությամբ համատեղ վարժանք են անցկացնում Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Նորվեգիայի և Շվեդիայի ստորաբաժանումները:
«Ես ինքս հաջորդ շաբաթ զրուցելու եմ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների հետ: Կարծում եմ՝ խիստ կարևոր է լսել նրանց, հասկանալ թուրքերի մտահոգությունները և աշխատել, որ Թուրքիան սատարի երկու երկրների անդամակցումը: Եվ իսկապես, մենք կարող ենք մեղմել այդ բոլոր մտահոգությունները»,- հայտարարել է Բեն Ուոլեսը:
Շվեդիան և Ֆինլանդիան մայիսին են ներկայացրել ՆԱՏՕ-ին միանալու հայտեր: Անկարան պնդում է, որ Շվեդիան հովանավորում է զինյալ քրդերին: