Մատչելիության հղումներ

Ծանր վիրավորանքի համար այլևս քրեական պատասխանատվություն չի լինի


Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, արխիվ
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, արխիվ

Տեղական ու միջազգային փորձագետների տևական քննադատությունից հետո կառավարությունը որոշել է հրաժարվել ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունից։

Երեկ այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ֆեյսբուքում գրելով՝ «Ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը նախատեսվել էր հասարակության խոր բևեռացման պայմաններում առանձին խմբերի և անհատների խայտառակ անընդունելի վարքագիծը զսպելու նպատակով: Հուլիսի 1-ից արդեն քրեական նոր օրենսգրքում չի գործի դեռ մեկ տարի առաջ ընդունված դրույթը»։

Փոխարենը, անձին ծանր վիրավորանք հասցնելու համար կկիրառվի մինչ օրս էլ գործող քաղաքացիական օրենսգրքով սահմանված մինչև 3 միլիոն դրամի տուգանքի դրույթը։

«Ընդունեցին իրենց սխալը, հասկացան, որ մի էջ, որը վաղուց փակվել է 12 տարի առաջ, 2010 թվականից մենք ապաքրեականացրել ենք վիրավորանքի բոլոր դրսևորումները և զրպարտության բոլոր դրսևորումները, մենք չեն կարող մեր օրերում նորից հետադարձ քայլ անել, ընկնել հետադիմական կարգավորումների հետևից: Էդքան իմաստուն գտնվեցին, որ հասկացան: Նաև արտաքին ու ներքին ճնշման ներքո նրանք կչեղարկեն, երբ որ ուժի մեջ կմտնի նոր քրեական օրենսգիրքը», - ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:

Մեկ տարի առաջ ընդունված վիճահարույց օրենքով անպարկեշտ խոսքերի և հայհոյանքի համար քաղաքացին կարող էր ազատազրկվել մինչև երեք ամսով։ Այս օրենքն ընդունվել էր միայն իշխանական պատգամավորների ձայներով՝ հարուցելով ընդդիմության, լրագրողական կազմակերպությունների դժգոհությունը։ Փորձագետները մշտապես ասում էին, որ ծանր վիրավորանքի քրեականացումը վնաս է հասցնում խոսքի և կարծիքի ազատությանը։

Տարեսկզբին նույնիսկ ԵԽԽՎ-ն էր հորդորել Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել «ծանր վիրավորանքը»։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը հիշում է, թե ինչպես էին մեկ տարի շարունակ միջազգային տարբեր կառույցներ հարցնում Հայաստանի կառավարությանը՝ ինչո՞ւ են գնացել այդ քայլին։ Այժմ իր սխալն ընդունած իշխանությունների համար մեկ տարվա այս պրակտիկան դաս պետք է լինի՝ հետագայում նման հետքայլ չանելու համար, ասում է փորձագետը։

«Ամենամեծ ազդող գործոնը եղել է արտաքին ճնշումը և՛ Եվրոպայի խորհրդի կողմից, և՛ ԵԱՀԿ-ի կողմից, բոլոր միջազգային գնահատող, մոնիտորինգ անող, Հայաստանի առաջընթացը գնահատող բոլոր միջազգային կազմակերպությունները իրենց առաջին հարցը, որ ուղղել են իշխանություններին՝ ո՞րն է սրա նպատակը և հիմնավորվածությունը, ու չի եղել լիարժեք պատասխան», - նշեց Դոյդոյանը:

Այս փոփոխության մասին երեկ հայտարարած արդարադատության նախարարը պարզաբանում է՝ վարչապետի գլխավորությամբ կայացած մի շարք մասնագիտական քննարկումների արդյունքում են նման եզրահանգման եկել։

«Կառավարությունը գտել է, որ հետագա ժողովրդավարացման մեր օրակարգում խոսքի ազատության նույնիսկ իրավաչափ սահմանափակումը պետք է հնարավորինս իրականացնել առանց քրեական հետապնդման գործիքակազմի: Գործադիրը նպատակահարմար չի գտել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում` նախընտրելով այդ անթույլատրելի երևույթի համար արդեն իսկ գործող քաղաքացիական պատասխանատվության կարգավորումները»,-պարզաբանել է նախարար Կարեն Անդրեասյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ուշացած, բայց սպասելի է համարում կառավարության նախաձեռնությունը։ Նա ևս կարծում է, որ այս հոդվածից հրաժարվելու պատճառը ոչ թե ծանր վիրավորանքի դեպքերի նվազումն է, ինչպես իշխանությունն է ներկայացնում, այլ՝ տեղական և միջազգային խիստ քննադատությունը։

«Ես կարծում եմ, որ այս օրենքի անհրաժեշտությունը առհասարակ չի եղել և որևէ դրական ազդեցություն դա չի ունեցել, ավելին ասեմ, որ չի բացառվում, որ նոր բարդություններ առաջանան այդ չեղարկման հետ, որովհետև բազմաթիվ մարդիկ ձերբակալվել են այդ արտահայտությունների համար: Գիտենք, որ դատախազությունը, իրավապահ մարմինները հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն հարյուրավոր մարդիկ են պատասխանատվության ենթարկվել մի բանի համար, որը ինչպես հայտնի է, միջազգային պրակտիկայում չի կիրառվում: Այսինքն քրեական հետապնդումը ծանր վիրավորանքի համար չի խրախուսվում, հենց դա է պատճառը, որ իշխանությունները որոշեցին հրաժարվել», - ասաց փորձագետը:

Աշոտ Մելիքյանը կարծում է, որ Քաղաքացիական օրենսգիրքը լիովին բավարար է ծանր վիրավորանքի հարցը լուծելու համար, այն, ինչի մասին երեկ իր հայտարարությունում անդրադարձել է արդարադատության նախարարը։

«Այն մեխանիզմները, որոնք գոյություն ունեն քաղաքացիական օրենսդրության սահմաններում, դա լիուլի բավարար է, որպեսզի իրավիճակը վերահսկելի լինի, մարդու արժանապատվությունը, պատիվը չոտնահարվի», - նշեց նա:

Թե՛ Մելիքյանը, թե՛ Դոյդոյանն այժմ անհրաժեշտ են համարում լուծել այս հոդվածով մեղադրվողների հարցը։

Պաշտոնական վերջին տվյալներով, հարուցվել է ավելի քան 800 քրեական գործ, որից ավելի քան 50-ն արդեն դատարանում է։ 6 գործով արդեն կա ուժի մեջ մտած դատավճիռ։ Հիմա արդեն պետք է մտածել այս հոդվածով մեղադրվողներին արդարացնելու մասին, ասում է Դոյդոյանը։ Արդարադատության նախարար Անդրեասյանը երեկ այս հարցին չի անդրադարձել, այսօր էլ նախարարությունից պատասխան ստանալ չհաջողվեց։ Իրավաբաններն ընդգծում են, որ անձի վիճակը բարելավող նորմերը հետադարձ ուժ ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG