Մատչելիության հղումներ

Ծանր վիրավորանքի հոդվածով գործերից դեռ դատարան են հասել միայն վարչապետին վիրավորելու համար հարուցվածները


Գործող իշխանությունների կողմից քրեականացված «ծանր վիրավորանքի» հոդվածով անցած կես տարում արդեն ութ գործ է հասել դատարան, բոլորը մեկ մարդու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար։

Հարուցված գործերի վիճակագրությունը մինչդեռ այլ է. ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, հունվարի 1-ի դրությամբ հարուցվել է 263 քրեական գործ, դրանցից մոտ հինգ տասնյակը իշխանության ներկայացուցչին ուղղված վիրավորանքն է եղել, մյուսները վերաբերել են այլ անձանց՝ լրագրողներ, իրավապաշտպաններ, հանրային գործունեությամբ զբաղվողներ։ Բայց նրանց առնչվող գործերից որևէ մեկը դատարան դեռ չի մտել։

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ով ևս տուժող է ճանաչվել «ծանր վիրավորանքի» գործով, այս վիճակագրությունն այսպես է բացատրում. «Այդ հայհոյախառն գրառումները շատ հաճախ տեղ են գտնում ընդդիմադիր մամուլում, և դա ևս իր հերթին բերում է ավելի մեծ լսարան, որն ակնհայտորեն էլ ավելի տեսանելի է դարձնում այդ գրառումները նախաքննական մարմինների ներկայացուցիչների համար»:

Օգտատեր Արմեն Ասատրյանի գրառումը պատգամավորի մասին ևս առաջինը նկատել են ոստիկանները։ Զանգել են պատգամավորին, ընթերցել գրառումն ու հարցրել՝ չի՞ վիրավորվում արդյոք, դրական պատասխանից հետո գործին ընթացք են տվել։ Պատգամավորը նեղսրտում է, չնայած մամուլը կենտրոնացել է գրառման մեջ արված «քոռ խոզ» արտահայտության վրա, բայց այնտեղ ավելի կոշտ հայհոյանքեր են եղել. «Բնական է` առաձնանում է ծնողներիս վիրավորող արտահայտությունը, շատ նողկալի մի արտահայտություն էր: Իհարկե, հետաքննիչները օրենքի պարտադրմամբ ստիպված էին հասկանալ` արդյոք վիրավորական է գրառումը, թե ոչ, ինչին ի պատասխան պատասխանել եմ` այո»:

Պարզ չէ՝ արդյոք քննիչները նույն կերպ կապ են հաստատել նաև Նիկոլ Փաշինյանի հետ, ընթերցել նրա հասցեին գրառումներն ու ճշտել՝ վարչապետը վիրավորվե՞լ է, թե՞ ոչ։ Մինչ օրենքն ընդունելը` դեռ 2020 -ի ապրիլին, վարչապետը, պատասխանելով իր հասցեին հնչող վիրավորանքերի մասին հարցին, հանդուրժողականությունն էր կարևորել. «Հոյհոյում են, ինչքան ուզում են` թող հայհոյեն, կարևորն այն է, թե ՀՀ քաղաքացիների քանի տոկոսն է կիսում այդ հայհոյանքը: Քանի դեռ այնպես է, ինչպես այսօր է, այսինքն` դրանք լուսանցքային երևույթներ են, ուրեմն իրենք պարտվել են և ինչքան շատ հայհոյեն, այնքան ավելի շատ կպարտվեն»:

«Ծանր վիրավորանքը» ապաքրեականացնելու կոչով Հայաստանին են դիմել միջազգային մի շարք հեղինակավոր կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն էլ խոսքի ազատության հստակ նահանջ էր տեսել։

Հասարարական գործիչ, նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ասում է՝ մեծ խնդիր է հատկապես օրենքի իրավական անորոշությունը. «Բնականաբար, այդ իրավական անորոշությունը միշտ կիրառվելու է հօգուտ պաշտոնյաների, ինչը խնդրահարույց է, ինչն արդեն իսկ կարող ենք դիտարկել բավական լուրջ հետընթաց Հայաստանի համար խոսքի ազատության տեսանկյունից: Քրեականացնել վիրավորանքը, որի հստակ սահմանում որպես այդպիսին չկա և չի կարող լինել նաև, որովհետև մի բնորոշումից կարող է ինչ-որ մի անձ վիրավորվել, բայց այդ նույն բացահայտ բնորոշումը վիրավորական չլինի այլ մեկի համար», - ասում է նա:

Այս հոդվածով անցնող գյումրեցի Կարապետ Պողոսյանը դիմել է ոստիկանություն և խնդրել իրեն տրամադրել որպես ծանր վիրավորանք դիտարկվող արտահայտությունների ցանկը, որպեսզի հետագայում կարողանա խուսափել նոր մեղադրանքներից։ Պողոսյանը ոստիկանության ուշադրության կենտրոնում է հայտնվել իշխանական պատգամավորների Գյումրի կատարած այցից հետո «քեմալական սովածներ» արտահայտության համար։

«Նյութեր էր նախապատրաստել` ինքն ում նկատի ուներ «քեմալական սովածներ» ասելով, եթե նկատի ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին, ապա այստեղ ես նաև հարց ունեմ հենց տվյալ պատգամավորներին` եթե իրենց համար քեմալականը ծանր վիրավորանք է, ապա ինչո՞ւ են իրենք սկսել Թուրքիայի, Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջանի բացում», - ասում է Կարապետ Պողոսյանը:

Հայաստանյան իրավապաշտպաններն ու ընդդիմադիրները վստահ են` օրենքը որպես գործիք է օգտագործվում քննադատներին լռեցնելու համար։ Պնդում են, թե պաշտոնյաները չպետք է օժտվեն հատուկ պաշտպանությամբ։ Մինչ օրենքի ընդունումը նմանօրինակ կարծիքներ էին հայտնում նաև իշխանական պատգամավորները՝ Մարիա Կարապետյանը, Սարգիս Խանդանյանը, ովքեր հետագայում կողմ քվեարկեցին ծանր վիրավորանքը քրեականացնելու օրենքին:

Ատելության խոսքը քրեականացնելու մասին քննարկում էր եղել, այդ մասին օրենք իշխանությունները այդպես էլ չընդունեցին, մինչդեռ դա շատ ավելի արդյունավետ կլիներ, դրան կողմ էին նաև միջազգային կառույցները, ասում է նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Գայանե Աբրահամյանը. «Իսկ այսպես ընկել ենք, ամեն մի ֆեյսբուքյան գրառումների կամ գրառումներ էլ չէ անգամ, քոմենթների մակարդակի վերահսկողություն է իրականացվում»:

«Ծանր վիրավորանքը» քրեականացնող օրենքը հեղինակել էին իշխանական մի խումբ պատգամավորներ։ Այն ընդունվեց անցած ամռանը՝ բացառապես «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով, ընդդիմադիրները բոյկոտեցին քվեարկությունը։ Ըստ այդ փոփոխության` այժմ ցանկացած ոք կարող է բարձր տուգանքներից մինչև եռամսյա կալանքի դատապարտվել իշխանության ներկայացուցիչներին ու հասարակական գործիչներին վիրավորելու համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG