Մատչելիության հղումներ

Մարտի 22-ին ՍԴ-ն քննելու է «ծանր վիրավորանքի» քրեականացման սահմանադրակության հարցը


Սահմանադրական դատարան դիմումը ներկայացրել էր նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։

Ընդամենը կես տարի առաջ Քրիստինե Գրիգորյանը որպես արդարադատության փոխնախարար խորհրդարանում հիմնավորում էր «ծանր վիրավորանքի» քրեականացումը։ Հաջորդ շաբաթ նա արդեն որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան պետք է Սահմանադրական դատարանում ճիշտ հակառակը ապացուցի` որ այդ նույն 137.1 հոդվածը հակասում է Սահմանադրությանը։

«Ըստ մեր օրենսդրության, կառավարությունը ներկայացրել է իր դիրքորոշումը։ Եվ կառավարության տեսակետը ներկայացրել եմ ես, որպես հարակից զեկուցող», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Քրիստինե Գրիգորյան
Քրիստինե Գրիգորյան

Նորանշանակ Մարդու իրավունքների պաշտպանը հիմա փորձում է բացատրել, որ ոչ թե ինքը, այլ կառավարությունն է դրական եզրակացություն տվել նախագծին, իսկ ինքը ընդամենը ներկայացրել է այդ եզրակացությունը։

Գրիգորյանը չի պատրաստվում իր նախորդի՝ Արման Թաթոյանի կողմից բարձր դատարան ներկայացված որևէ դիմում հետ վերցնել։ Բայցև ասում է. - «Ունենք ոչ միանշանակ ընկալում և ունենք պրակտիկայի հետ խնդիրներ»։

Դեռ նախորդ գումարման խորհրդարանում Գրիգորյանը նախ պետաիրավական հանձնաժողովի նիստում, ապա լիագումար նիստի ընթացքում ելույթով, հետո հարցուպատասխանի միջոցով փորձում էր պատգամավորներին համոզել, որ օրենքի ընդունումը անհրաժեշտություն է։ Հիմա ինչպե՞ս է Սահմանադրական դատարանում պնդելու նախկին պաշտպան Արման Թաթոյանի դիմումը, որը ամբողջությամբ հակառակի մասին է, և չկա՞ այստեղ արդյոք շահերի ակնհայտ բախում։

Արման Թաթոյան
Արման Թաթոյան

Այս հարցերը մեկնաբանելը նախկին օմբուդսմենը ոչ կոռեկտ է համարում։ Միայն շեշտում է իր դիմումը պատշաճ ներկայացնելու կարևորությունը. - «Իրական քրեական քաղաքականության հետ ընդհանրապես առնչություն չունեցող, քաղաքական լուծումներով պայմանավորված հոդված էր։ Այդ օրենսդրական նախագծի [քննարկման] ժամանակ սկզբունքային առարկություններ եմ ես ներկայացրել և նշել եմ, որ դա պայքարի ձև չի։ Չի կարելի ընտրությունների ժամանակ, դրանից մի քանի ամիս առաջ ատելությունն ու թշնամանքը բարձրացրել ամենաբարձր պիկի և միանգամից սկսել Քրեական օրենսգրքով պայքարել։ Այդ հարցը լուծվում է բոլորովին այլ կերպ, հետևողական աշխատանքով, հանդուրժողականությամբ, առաջնահերթ՝ բարձրաստիճան պաշտոնյաների օրինակով։ Այդ հոդվածը դարձել է այսօր արդեն պետական պաշտոնյաներին և քաղաքական գործիչներին քաղաքացիներից պաշտպանող հոդված։ Անթույլատրելի է»։

Սահմանադրական դատարանը մերժել էր մինչև բուն քննության անցնելը հոդվածի կիրառումը կասեցնելու Թաթոյանի առաջարկը։ Այս ընթացքում արդեն «ծանր վիրավորանքի» հոդվածով երկու տասնյակի հասնող քրեական գործեր են գնացել դատարան, և գրեթե բոլորն առնչվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Իսկ նախաքննական մարմնի վարույթում կան գործեր ոչ միայն հայհոյանքների, այլ «ազգակործան պատուհաս» կամ «քեմալական սովածներ» արտահայտությունների համար։

«Ծանր վիրավորանքը» ապաքրեականացնելու կոչով Հայաստանին են դիմել միջազգային մի շարք կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը։ Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն էլ խոսքի ազատության հստակ նահանջ էր տեսել։

Վահագն Հովակիմյան
Վահագն Հովակիմյան

Օրենքի համահեղինակ, իշխանական «Քաղպայմանագրի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը այսօր էլ շարունակում է պնդել՝ օրենքը Սահմանադրության հետ ոչ մի խնդիր չունի. - «Ճիշտն ասած, ԵԽԽՎ-ի հայտարարությանը ծանոթ չեմ, Freedom House-ի մեր գործընկերները... ուղղակի իրենց մոտ շփոթմունք կա. մեզ մոտ վիրավորանքը չի քրեականացվում... ծանր վիրավորանքը դա հայհոյանքն է»։

Բարձր դատարանը մարտի 22-ից գրավոր ընթացակարգով է քննելու այս դիմումը։ Գործով զեկուցող է դատավոր Արթուր Վաղարշյանը։ Պատասխանողը կողմը օրենքն ընդունած Ազգային ժողովն է, բայց դեռ պարզ չէ, թե պատգամավորներից ով է ներկայացնելու խորհրդարանի դիրքորոշումը։ Օրենքի համահեղինակ, խորհրդարանում այս հարցով հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ինքը չի ներկայացնելու և տեղյակ էլ չէ, թե ում վրա է դրվել այդ պարտավորությունը։

Օրենքն ընդունվել է անցած ամռանը՝ բացառապես «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով։ Ըստ փոփոխության, այժմ ցանկացած ոք կարող է բարձր տուգանքներից մինչև եռամսյա կալանքի դատապարտվել իշխանության ներկայացուցիչներին ու հասարակական գործիչներին վիրավորելու համար։ Մասնագետները արդեն ամիսներ շարունակ ահազանգում են, որ օրենքը ծանր վիրավորանքը բնորոշելու անհստակությունների պատճառով կարող է կամայականությունների առիթ տալ, վնասել խոսքի ազատությանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG