Մատչելիության հղումներ

Քրեական գործ են հարուցել վարչապետին «ազգակործան պատուհաս», «հայրենիքի դավաճան» ասելու համար. Շահեն Հարությունյան


«Շանթ դաշինք» կուսակցության նախագահի դեմ քրեական գործը հարուցվել է Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար։

«Կիսվել եմ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ և գրել՝ Ազգակործան պատուհաս Նիկոլ Փաշինյանի հերթական հայրենիքի դավաճանությունը ու անարժանապատվության դրսևորումը»։ «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանի այս գնահատականները Քննչական կոմիտեն որակել է վարչապետ Փաշինյանի հասցեին «ծանր վիրավորանք» ու քրեական գործ հարուցել։

Ընդ որում «ազգակործան պատուհաս» ձևակերպման հեղինակը Հարությունյանը չէ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Շահենը մեջբերել է առաջին նախագահին ու օրեր անց ոստիկանություն հրավիրվել։

Շահեն Հարությունյան
Շահեն Հարությունյան

«Սեռական բնույթի հայհոյանք չի եղել։ Ոչ թե օրենքից եմ վախեցել, այլ ես տեսակով չեմ ընդունում դա։ Բացառապես այդ խոսքերն են եղել՝ ազգակործան պատուհաս, անարժանապատիվ կեցվածք, հայրենիքի դավաճանություններ», - «Ազատության» հետ զրույցում պատմում է Հարությունյանը։

Առաջին անգամ Հարությունյանին հունվարի 20-ին են հրավիրել, ինչից հետո նա Ֆեյսբուքում կրկին գրառում է արել, վերահստատել իր գնահատականները։ Ոստիկանության աչքից երկրորդն էլ չի վրիպել ու նա դարձյալ ոստիկանություն է կանչվել. - «Հրաժարվել եմ բացատրությունից, դուրս եմ եկել ոստիկանությունից, երրորդ գրառումն եմ կատարել։ Չգիտեմ, գուցե երրորդ գրառման համար մոտ օրերս կանչեն»։

Նույն գրառումը երրորդ անգամ անելու համար դեռ չի հրավիրվել ոստիկանություն։ Նրան նույնիկ չեն տեղեկացրել, թե ինչ ընթացք են ստացել գործերը։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ մեկ քրեական գործ հարուցվել է, երկրորդով նյութեր են նախապատրաստվել ու ապա մերժվել։ Շահեն Հարությունյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Իսկ ո՞վ է այս գործով տուժողը։

«Որպես վիրավորված կողմ հանդես է գալիս Գլխավոր վարչությունը։ Նման բան չկա։ Այսինքն՝ ես Նիկոլ Փաշինյանին ասում եմ ազգակործան պատուհաս, Գլխավոր վարչությունը ինձանից նեղանում է, ասում է, որ դու վիրավորել ես Նիկոլ Փաշինյանին ու քրեական գործ է հարուցում», - ասաց Շահեն Հարությունյանը։

Նա սուր քննադատում է Փաշինյանի վարած քաղաքականությունը, դեմ է հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Ղազախստան զորք ուղարկելուն։ Կարծում է, թե քրեական հետապնդումը քաղաքական հակառակորդներին լռեցնելու նպատակով է. - «Նա ՀԱՊԿ-ի շրջանակներում զորք է ուղարկում Ղազախստան։ Ես դա դիտում եմ որպես դավաճանություն և ասում եմ, որ դա դավաճանական քայլ է։ Ի վերջո չմոռանանք, Ղազախստանը ամբողջովին սատարում է Ադրբեջանին»։

«Ծանր վիրավորանքի» հոդվածով բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել վարչապետին հայհոյելու համար։ Շահեն Հարությունյանի գրառման մեջ հայհոյանք չկա, բայց քննիչները նույն հարթության մեջ են դրել։

Գոռ Աբրահամյան
Գոռ Աբրահամյան

Ինչո՞վ են առաջնորդվում քրեական գործ հարուցելիս, ինչպե՞ս են որոշում՝ որն է քրեորեն հետապնդելի ծանր վիրավորանքը։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը կոնկրետ այս դեպքին չանդրադարձավ, ընդհանուր ներկայացրեց. - «Հաշվի է առնվում նաև բազմաթիվ հանգամանքներ, էդ թվում՝ նաև տուժողի կողմից ընկալումը, թե ինքը կոնկրետ արտահայտությունները որքանով է ընդունում որպես իր արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ կերպով վիրավորելու միտում ունեցող, որքանով այդպիսին չի համարում։ Նաև կոնկրետ արտահայտությունների ենթատեքստերը, կոնկրետ հասցեավորումը, ինչքանով ա կոնկրետ էդ հասցեականությունը և այլն»։

Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ծանր վիրավորանքի հոդվածով մեկ տասնյակից ավելի գործեր ունի։ Եվ որքան առնչվում է դրանց, համոզվում է՝ այս օրենքը հակասահմանադրական է. - «Այնպիսի զավեշտալի պատմություններ եմ լսում, որ ուղղակի, կարծում եմ, միայն դա բավարար է, որպեսզի այս հոդվածը հակասահմանադրական ճանաչվի։ Բոլոր այն դեպքերում, երբ որ Նիկոլ Փաշինյանն է հանդես գալիս որպես մարդ, որին ուղղված է եղել ծանր վիրավորանքը, նա գործով ընդհանրապես չի անցնում. ո'չ որպես վկա է հարցաքննվում, վստահ ենք, որ չի հարցաքննվում, ո'չ տուժող է ճանաչվում, ո'չ որպես տուժող է հարցաքննվում։ Իսկ եթե այլ անձ է լինում, թեկուզ ՔՊ-ական, պարտադիր տուժող է ճանաչվում, պարտադիր հարցաքննվում է և այլն»։

Ո՞վ է ոստիկանություն հաղորդում ներկայացնում վարչապետ Փաշինյանին վիրավորելու համար։ Այս հարցին իրավապահները հստակ չեն պատասխանում։ Ոստիկանությունից միայն հայտնեցին, որ նյութեր կարող են նախապատրաստվել թե։ անձի հաղորդման, թե' ոստիկանության մոնիթորինգի հիման վրա։ Օրինակ, ոստիկանները կարող են Ֆեյսբուքում հետևել վարչապետի ընդդիմախոսների գրառումներին և իրենց հայեցողությամբ որոշել որն է վիրավորանք և իրավական ընթացք տալ։

«Դավաճան բառի համար, կամ ազգակործան պատուհաս բառի համար մարդկանց, նաև քաղաքական ուժի ղեկավարին կանչում են ոստիկանություն, փորձում են քրեական գործերով լռեցնել՝ այդպիսով վախի մթնոլորտ հաստատելու համար», - ասում է Շահեն Հարությունյանը։

«Ծանր վիրավորանքի» հոդվածը, որ քրեական օրենսգրքում ավելացավ իշխող խմբակցության նախաձեռնությամբ թե' հայաստանյան, թե' միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները խնդրահարույց են համարում։ Հեղինակավոր Freedom House-ը այն որակել է որպես խոսքի ազատության ու ժողովրդավարության հետընթաց ու մի քանի անգամ կոչ արել չեղարկել այն։

Նույնը արել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մի քանի շաբաթ առաջ ընդունած «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևում։

Եթե օրենքում հստակ չի սահմանվում ինչն է ծանր վիրավորանքը, արդյոք իշխանության ձեռքին սա չի դառնում խոսքի ազատության սահմանափակման գործիք։

Լևոն Բարսեղյան
Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը շեշտում է, որ հոդվածի մտահղացման պահից են դեմ եղել այս փոփոխությանը. - «Եթե մարդը քննադատել է, նույնիսկ ծանր է քննադատել... ես էլ եմ քննադատում, քիչ առաջ մարդամեկին էլ քննադատեցի, դա պիտի քրեական հետապնդում իրականացնող մարմինը կարողանա զանազանել վիրավորանքից։ Չի զանազանում։ Էդ գործը ինքը դատարանում զոռելու է, հաղթելու է, մարդուն դատապարտելու է քրեականով, էս մարդը դիմելու է վերաքննիչ, գուցե պարտվելու է, որովհետև գիտենք ովքեր են դատավորները, հետո վճռաբեկում է պարտվելու, հետո դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, գործը հաղթելու է, բոլորս մեր հարկերից վճարելու ենք դատախազության, քննչականի ու դատավորի սխալ աշխատանքի, կամ հանցագործ աշխատանքի համար»։

Ծանր վիրավորանքի հոդվածով նախատեսված է պատիժ՝ առավելագույնը մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև երեք ամիս ժամկետով:

Մինչ այս պահը մեկ դատավճիռ կա վարչապետ Նիիկոլ Փաշինյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Վահագն Խաչատուրյանին հայհոյելու գործով, մեղադրյալը տուգանվել էր կես միլիոն դրամով։

Գլխավոր դատախազությունից տվյալներ հայտնեցին հունվարի 1-ի դրությամբ. հարուցվել է 263 քրեական գործ, որից 25-ը կարճվել է, 5-ի վարույթը կասեցվել։ Մեղադրանք է առաջադրվել 31 անձի: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 8 քրեական գործ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG