Պատերազմի մեկնարկից երեք ամիս անց Կիևը նորից սկսել է խոսել Մոսկվայի հետ, առանց նախապայմանների, բանակցությունները վերսկսելու մասին՝ կրկին շեշտելով, թե Մոսկվան պետք է բարեխիղճ բանակցություններ վարի և ոչ թե խոսի վերջնագրերի լեզվով։
Մոսկվան իր հերթին հայտարարում է, թե, հակառակ պնդումների, Կիևը, բանակցությունները վերսկսելու համար, պայմաններ է ներկայացնում, ինչն ընդունելի չէ ռուսական կողմի համար։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան երեկ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին ասել է, թե Կիևը Ռուսաստանի հետ բանակցությունների համար պայմաններ չունի՝ միաժամանակ հավելելով, որ Մոսկվայի հետ բանակցություններ վարելն էմոցիոնալ ցավալի է։
Այդուամենայնիվ, եթե բանակցությունները հանգեցնեն խաղաղության և օգնեն վերականգնել պետության տարածքային ամբողջականությունը, ուկրաինական կողմը, Կուլեբայի պնդմամբ, պատրաստ է զսպել զգացմունքները։
Ավելի վաղ, սակայն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ բանակցությունների պայման էր անվանել տարածքների վերադարձը։
«Սկզբից մենք նախատեսում ենք վերադարձնել մեր տարածքները և վերականգնել մինչև փետրվարի 24-ի ստատուս քվոն, հետո նոր կնստենք բանակցային սեղանի շուրջ», - ասել էր Զելենսկին։
Մոսկվան անդրադարձել էր Զելենսկու այս հայտարարությանը։ Փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն երեկ ասել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Մոսկվայի հետ բանակցությունները վերսկսելու մասին, միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կվերադառնա մինչև փետրվարի 24-ի դիրքերը, կասկածի տակ է դնում խաղաղ լուծում գտնելու Կիևի ցանկության անկեղծությունը։
Բանակցություններրը Կիևի և Մոսկվայի միջև փաստացի ընդհատվեցին Բուչայի սպանդից հետո։
Արևմտյան երկրները, հատկապես Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան Ռուսաստանին սկսեցին մեղադրել պատերազմական հանցագործությունների մեջ և հայտարարեցին, որ այս պատերազմում նախագահ Պուտինը պետք է պարտվի։