«Այդ օգնությամբ ուկրաինացիները հաղթանակած դուրս կգան»
Միացյալ Նահանգների Սենատը 86 կողմ 11 դեմ քվեների հարաբերակցությամբ հաստատեց օրինագիծը, որով Վաշինգտոնը մոտ 40 միլիարդ դոլարի օգնություն է փոխանցելու ռուսների ագրեսիայից պաշտպանվող Ուկրաինային:
Փաթեթն անցած շաբաթ արդեն հավանության է արժանացել Ներկայացուցիչների տանը և ուժի մեջ կմտնի, երբ այն իր ստորագրությամբ կվավերացնի նախագահ Ջո Բայդենը, ով, ըստ Սպիտակ տան, շատ արագ դա կանի: Սենատում դեմ քվեարկած բոլոր 11 օրենսդիրները հանրապետականներ են:
Բայդենն ընդամենը երեք շաբաթ առաջ է Կոնգրեսին ներկայացրել օրինագիծը, և սա յուրօրինակ ռեկորդ է, երբ այդչափ հսկայական գումար նախատեսող փաթեթն այդքան կարճ ժամանակահատվածում է ընդունվում:
«Օգնությունը գալիս է, ճանապարհին է, սա իսկապես էական օգնություն է, որով ուկրաինացիները հաղթանակած դուրս կգան»,- ասել է դեմոկրատների մեծամասնության լիդեր Չաք Շումերը:
«Ռուսների հաղթանակը կքաջալերի բռնապետներին»
Հանրապետականները նույնպես աջակցել են փաթեթին, նշելով, որ Ուկրաինայի պարտության դեպքում մեծ վտանգի տակ կհայտնվեն Եվրոպայում Միացյալ Նահանգների դաշնակիցները և առևտրային գործընկերները:
Հանրապետականների փոխանցմամբ, Ռուսաստանի ռազմական հաջողությունը լուրջ խթան կդառնա Չինաստանում և աշխարհի այլ շրջաններում իշխող բռնապետական ռեժիմների համար և կքաջալերի հարևաններից տարածքներ գրավելու դրանց ձգտումները:
«Երկարաժամկետ հեռանկարի առումով ամենացավալի և թանկ գինն Ամերիկան կվճարի, եթե դադարեցնի ինքնիշխանությանը, կայունությանն ու զսպմանն ուղղված ներդրումները»,- ասել է Սենատում հանրապետականների փոքրամասնության լիդեր Միթչ ՄքՔոնելը:
«Եկեք հաղթե՛նք միասին»
Կիևը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին:
«Մենք երախտապարտ ենք Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու Միացյալ Նահանգների Սենատի պատմական որոշման համար, եկեք միասին հաղթենք»,- Թվիթերում գրել է նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակը:
Ուկրաինային ամերիկյան օգնության ծավալը կգերազանցի 50 միլիարդը
Երբ Բայդենը ստորագրի փաթեթը, դրանով փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման մեկնարկից ի վեր Կիևին Վաշինգտոնի տրամադրած օգնության ընդհանուր չափը կգերազանցի 50 միլիարդը:
Այս նոր 40 միլիարդանոց փաթեթից 24 միլիարդը տրվում է զենք, զինամթերք, տեխնիկա և հանդերձանք ձեռք բերելու և Ուկրաինայի բանակը ֆինանսավորելու համար:
Մնացած գումարը կուղղվի նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարության գործունեությունն ապահովելու, Ուկրաինայից հացահատիկ ստացող երկրներին պարենով օգնելու և փախստականներին աջակցելու համար:
Առանձին տողով օգնության փաթեթում ներառված է Ուկրաինայում ռուսների պատերազմական հանցագործությունների հետաքննության ֆինանսավորումը:
Սենատի քվեարկությունից քիչ ժամանակ անց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Ուկրաինային 100 միլիոն դոլարի թվով արդեն 10-րդ չափաբաժինը փոխանցելու մասին:
Կոնկրետ այս գումարով, ըստ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի, Ուկրաինան կստանա 18 նոր հաուբից և հակահրետանային ռադարներ:
Reuters գործակալության փոխանցմամբ, Սպիտակ տունը մտադիր է Ուկրաինային փոխանցել հականավային հրթիռներ, որոնք պետք է թույլ տան ուկրաինացիներին հաղթահարել Սև ծովում ռուսների սահմանած բլոկադան: Խոսքը «Harpoon» և NSM տեսակի հրթիռների մասին է:
Հուդզոնի հաստատության ռազմածովային հարցերով փորձագետ Բրայան Քլարքն ասել է, թե 12-ից 24 «Harpoon»-ներ արդեն մահացու սպառնալիք կլինեն Սև ծովում ռուսական ռազմանավերի համար:
«Եթե Պուտինը շարունակի համառել, Ուկրաինան ի զորու կլինի շարքից դուրս հանել ռուսական ամենախոշոր նավերը, քանի որ դրանք Սև ծովում թաքնվելու տեղ չունեն»,- ասել է փորձագետը:
«Ինչքան էլ Կիևին զենք տան, մենք միևնույն է` կհասնենք մեր նպատակին»
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե «Harpoon» տեսակի հականավային հրթիռներ Ուկրաինային փոխանցելու ամերիկացիները մտադրությունը նոր չէ, Մոսկվան ուշադրությամբ հետևում է Ուկրաինա զինատեսակների մատակարարումներին և համապատասխան միջոցներ է ձեռնարկում: Ըստ Կրեմլի, այդ մատակարարումների հետևանքով է այս պատերազմը ձգձգվում:
«Ինչքան էլ զենք տա Արևմուտքը Կիևին, միևնույն է, մենք կհասնենք մեր նպատակին և կլուծենք Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման խնդիրները»,- պնդում են ռուսները:
«Ռուսները դժոխք են սարքել Դոնբասում»
Ուստի, պատերազմը շարունակվում է, ուկրաինացիները նոր զենքով պետք է փորձեն զսպել ռուսների նոր գրոհները Դոնբասում:
«Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են Խարկովի շրջանի ազատագրումը, բայց Դոնբասում օկուպանտները փորձում են ավելի մեծ ճնշում գործադրել, նրանք այնտեղ իսկական դժոխք են սարքել, և սա չափազանցություն չէ»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նոր միլիարդների օգնություն «Մեծ յոթնյակից» և արդիական զենք Լոնդոնից
«Մեծ յոթնյակն», իր հերթին, որոշել է 18 միլիարդ 400 միլիոն դոլար տրամադրել Կիևին, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ Լոնդոնը Կիևին կփոխանցի 1 միլիարդ 300 միլիոն ֆունտ ստերլինգի լրացուցիչ ռազմական օգնություն՝ հեռահար հրետանի, անօդաչուներ և հականավային հրթիռներ: