Անկախ Հայաստանի ամենահին օրաթերթերից մեկի՝ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը բացասաբար է վերաբերվում «Զանգվածային լրատվության մասին» օրենքի լրացմանը, որով նաև պետական մարմինը կարող է դադարեցնել լրագրողի հավատարմագրումը՝ եթե վերջինս խախտում է «աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները»։
«Իշխանավորները, չինովնիկները չպիտի որոշեն, թե լրագրողը պիտի հավատարմագրված լինի, թե ոչ։ Դա պետք է որոշի խմբագրությունը», - ասում է Աբրահամյանը։ - «Զրկել հավատարմագրումից, դա նշանակում է, որ իշխանությունը, տվյալ դեպքում ես կարծում եմ, որ դա չի վերաբերում Կրթության նախարարությանը, կամ որևէ վարչությանը։ Դա վերաբերում է Ազգային ժողովին։ Ազգային ժողովում իշխանության պատգամավորները խնդիր ունեն պատժելու այն լրագրողներին, որոնք, իրենց սուբյեկտիվ կարծիքով, անհարմար, սուր հարցեր են տալիս, գուցե նաև էթիկայի օրենքներ են խախտում։ Բայց բոլոր դեպքերում դրա որոշումը պետք է ընդունի խմբագրությունը»։
Չնայած փորձագիտական ու լրագրողական շրջանակների դժգոհությանը, խորհրդարանն այսօր միայն իշխանական պատգամավորների ձայներով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքի լրացումների նախագիծը։
Ըստ նախագծի հիմնավորման, լրագրողի հավատարմագրման դադարեցման պատճառ կարող է դառնալ, օրինակ, պատգամավորներին վիրավորելը, սպառնալը, միջադեպեր հրահրելը։
Նախագծի համահեղինակներից Արթուր Հովհաննիսյանը («Քաղաքացիական պայմանագիր») նշում է. - «Աշխատանքային գոտում կանոնների խախտման դեպքում լրագրողը, լրատվական միջոցը կզգուշացվի աշխատակազմի կողմից և մեկ տարվա ընթացքում կրկին խախտում անելու դեպքում պետական մարմինները սեփական նախաձեռնությամբ կզրկեն լրագրողներին հավատարմագրումից՝ հնարավորություն ընձեռելով լրատվամիջոցին փոխարինել լրագրողին այլ լրագրողով»։
Գործող օրենքով, մինչդեռ, պետական կառույցը լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու իրավունք չունի, դա կարող է անել միայն լրագրողին հավատարմագրած լրատվամիջոցը։
Նախկին լրագրող Հովհաննիսյանը չի կարծում, թե փոփոխությունները կսահմանափակեն լրագրողների գործունեությունը. - «Սա փոփոխություն է լրագրողների աշխատանքը ապահովելու մասին, սա փոփոխություն է պետական մարմիններում բնականոն աշխատանքը ապահովելու մասին»։
«Սա խիստ բացասական ու անընդունելի գործընթաց է լինելու», - հակադարձում է «Առավոտ»-ի մոտ 30 տարվա խմբագիրը՝ միաժամական նկատելով, որ 'թե իշխանական, թե' ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողները երբեմն խախտում են էթիկայի նորմերը։ Բայց այդ դեպքում էլ հավատարմագրումից զրկելու միակ որոշումը պետք է կա՛մ խմբագրությունը կայացնի, կա՛մ հասարակական կազմակերպությունը. - «Եթե պետական մարմինը տեսնում է ինչ-որ մի խնդիր, նա դիմում է այդ դիտորդ մարմնին, դիտորդ մարմինը անաչառ ձևով դիտարկում է այդ լրագրողի վարքը՝ էթիկայի տեսակետից, և դիմում է խմբագրությանը՝ առաջարկելով, որ խմբագրությունը փոխի իր լրագրողին։ Այսինքն՝ այնուամենայնիվ, լրագրողական համայնքն է որոշումը ընդունում, և ոչ թե չինովնիկները, որոնք պարզապես կարող են պատնեշ ստեղծել, որպեսզի հանգիստ քայլեն ազգային ժողովի միջանցքներով և իրենց քեֆին ոչ ոք չկպնի»։
Վերջին տարիներին մեդիային առնչվող օրենսդրական փոփոխությունների շուրջ լրագրողական կազմակերպությունները բազմիցս են իրենց դժգոհությունն արտահայտել։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ընդգծում է. - «Ընդհանրապես «Զանգվածային լրատվության մասին» օրենքում բոլոր պետական կառույցներին վերաբերող հավատարմագրման հետ կապված պայմանները պետք է դուրս գան, և այդ մանրամասն հարցերը քննարկվեն կարգերի մակարդակով։ Կրկնում եմ, որ հավատարմագրման ինստիտուտը Հայաստանում պետք է պահպանվի միայն խորհրդարանում, այլ պետական մարմնում դրա ո'չ իմաստը կա, ո'չ էլ արդյունավետությունը»։
Փորձագետները մտավախություն ունեն, որ օրենքի այս փոփոխությունը բացասաբար կանդրադառնա մամուլի ազատության ոլորտում Հայաստանի միջազգային վարկանիշի վրա։
Վերջերս հրապարակված միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության տարեկան զեկույցում էր նշվում, որ Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է անարդար կերպով սահմանափակված մնալ՝ իշխանությունների ջանքերով։
Իսկ Freedom House-ի վերջին զեկույցում էլ ընդգծվում էր՝ Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի անկախության ցուցանիշում։
Ավելի վաղ իշխանությունների կողմից վիրավորանքի և զրպարտության հոդվածում սահմանված տուգանքների եռակի բարձրացումը, ինչպես նաև ծանր վիրավորանքի քրեականացումն էին դիտարկվել են որպես անկախ մեդիայի դեմ իրականացվող քայլեր։