Լրատվամիջոցներին առնչվող ամենավատ օրինագծերի հեղինակները նախկին լրագրողներ են, ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահը։ Բորիս Նավասարդյանին մտահոգել է հերթական նախագիծը, որով իշխանական պատգամավորները մտադիր են սահմանափակել լրագրողի աշխատանքը պետական մարմիններում։
Խորհրդարանական հանձնաժողովում օրերս քննարկվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, համաձայն որի, պետական հաստատության սահմանած կանոնները խախտող լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից։ Գործող օրենքով, պետական կառույցը չի կարող դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, դա կարող է անել միայն լրագրողին հավատարմագրած լրատվամիջոցը։
Նավասարդյանը նկատում է՝ Ազգային ժողովում այսօր քիչ չեն նախկին լրագրողները, հենց ինքը՝ վարչապետ Փաշինյանը լրագրողական անցյալ ունի, ուստի շատ ավելի խնդրահարույց է, որ այսօր հենց այս մարդիկ են որոշել պատնեշներ շարել իրենց նախկին գործընկերների առջև։
«Դա պայմանավորված է, կարծում եմ, նրանով, որ մարդիկ եկել են ոլորտից և շատ լավ հասկանում են, որ իր պարտականությունները լավ չկատարող իշխանության համար լրագրողները և լրատվամիջոցները վտանգավոր ինստիտուտ են, և փորձում են իրենք իրենց պաշտպանել այդ ինստիտուտից, քանի որ այլևս նույնականացնում են իրենց ոչ թե ըստ մասնագիտության, այլ այսօրվա քաղաքական ուժի պատկանելիությունից», - ասաց Նավասարդյանը։
Նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ու նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանն ասում է՝ նոր օրենքով միայն նախազգուշացումից հետո լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից։ Իսկ դրա պատճառ կարող է դառնալ պատգամավորին վիրավորելը, սպառնալը, միջադեպեր հրահրելը։ Չկա, սակայն, հստակ պարզաբանում՝ ով է որոշողը, այսպես ասած, դատավորը, թե լրագրողի հատկապես որ արարքն է համարվում վիրավորանք, սպառնալիք։
Լրագրողական կազմակերպությունների դիտարկումով՝ վերջին տարիներին մեդիային առնչվող օրենսդրական փոփոխությունները ռեգրեսիվ բնույթ են կրում։ Հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տարեկան վերջին զեկույցում ևս նշվել էր, որ Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է սահմանափակված մնալ՝ իշխանությունների ջանքերով։
«Երևի դնում են կշեռքի վրա տվյալ դեպքում որն է իրենց համար ավելի կարևոր՝ միջազգային իմիջը, թե կոնկրետ պրագմատիկ խնդրի լուծումը», - նշեց Նավասարդյանը։
Փաշինյանի իշխանության օրոք օրենսդրական մի քանի փոփոխություններ են եղել, որոնք, միջազգային կառույցների գնահատմամբ, սահմանափակում են անկախ մամուլն ու քննադատական խոսքը։
Մասնավորապես, անցած տարի գարնանը Ազգային ժողովը եռակի բարձրացրեց վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը։
Ավելի ուշ օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթով խորհրդարանը քրեականացրեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը։ Ալեն Սիմոնյանի՝ Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո էլ խորհրդարանարում սահմանափակվեց լրագրողների ազատ տեղաշարժը նիստի օրերին։
Լրագրողական կազմակերպությունները բազմիցս իրենց դժգոհությունն են բարձրացրել այս ամենի կապակցությամբ՝ հիշեցնելով երկրի ղեկավարին իր իսկ խոսքերը, թե ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային բրենդն է։