Խորհրդարանի աշխատանքը լուսաբանող Հռիփսիմե Ջեբեջյանը խոսում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի փոփոխությունների նախագծի մասին, որով իշխանական պատգամավորներն առաջարկում են պետական մարմիններում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, եթե վերջինս խախտում է «աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները։
«Հերթական անգամ իրենք մտնում են լրատվամիջոցների գործունեության դաշտ և հերթական անգամ սահմանափակում են մեր գործունեությունը», - ասում է նա։
Գործող օրենքով, պետական կառույցը չի կարող դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, դա կարող է անել միայն լրագրողին հավատարմագրած լրատվամիջոցը։
«Առավոտ» օրաթերթի լրագրողը կարծում է, որ այս փոփոխությունը կարող է մեդիայի նկատմամբ խտրական մոտեցման հիմք տալ. - «Իրենք որ պահին որ լրագրողին ուզենան այսպես ասած Չե-Պե գտնել, իրենք ունենալու են էդ Չե-Պե-ն։ Թե՛ սուր հարցերի հետ կապված կարող են ունենալ, թե՛, ինչպես իրենք են ձևակերպում՝ վիրավորանք ընկալեն մարդու ասածը։ Շատ է լինում, երբ մարդը հարցը ձևակերպում է, իրենց միանգամից ոգևորվում են, դա վիրավորանք ընկալում և այլն։ Բայց երբ ձայնագրությունը հետ ես տալիս, լսում ես, այդտեղ, ըստ էության, հարցի ձևակերպում է կամ մեջբերում ես անում ուրիշի խոսքից»։
Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանի խոսքով սակայն, պետական մարմինը սահմանելու է իր ներքին կանոնները, որոնք, նրա պնդմամբ, չեն սահմանափակի լրագրողի ազատությունը։
Իսկ ի՞նչ պետք է անի լրագրողը, որ զրկվի հավատարմագրումից։ Հովհաննիսյանի խոսքով՝ պատճառ կարող է դառնալ պատգամավորներին վիրավորելը, սպառնալը, միջադեպեր հրահրելը. - «Եղել են նույնական բազմաթիվ դեպքեր, որոնք անթույլատրելի են առհասարակ պետական մարմնում»։
Իշխանական պատգամավորի խոսքով, միայն նախազգուշացումից հետո լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից։ Իսկ նույն լրատվամիջոցից կարող է ցանկացած ժամանակ այլ լրագրող հավատարմագրվել։
«Ինչո՞ւ պիտի պետական մարմինը ինքը որոշի, թե լրատվամիջոցը որ լրագրողին է գործուղելու Ազգային ժողով՝ աշխատանքը լուսաբանելու համար։ Ի դեպ, Ազգային ժողովի քաղաքական լրագրողները աշխատանքի տարիների փորձ են ունենում, յուրահատուկ մոտեցում են ունենում։ Ի վերջո, պիտի պատգամավորների գործունեությունը, օրենքները, նախագծերը իմանաս, ճանաչես։ Չի կարող լրատվամիջոցը պատահական լրագրողի ուղարկել Ազգային ժողով», - ասում է Ջեբեջյանը։
Լրագրողներին այսօր անձամբ նաև Ազգային ժողովի նախագահը դիմեց. - «Ձեր մեջ հավաքվեք, կանոններ մշակեք։ Հակառակ պարագայում կբախվեք ներսում մշակված կանոնների հետ, ստիպված կլինեք ենթարկվել»։
Փոփոխությունը հարուցել է լրագրողական կազմակերպությունների վրդովմունքը
«Դադարեցնել կցկտուր, ֆրագմենտալ միջամտությունները, փոփոխությունները զանգվածային լրատվության օրենսդրության մեջ», - ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյան։
Լրագրողական կազմակերպություններին օրենքի այս փոփոխությունը կրկին զայրացրել է։ Դեմ են, որպեսզի պետական մարմինն իր հայեցողությամբ դադարեցնի կամ զրկի լրագրողին հավատարմագրելուց։
«Այն պարզ պատճառով, որ այդ որոշումները կարող են շատ կամայական լինել, հիմնազուրկ լինել կամ հիմքերը շատ թույլ լինել», - փաստարկում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նա ընդգծում է, որ իշխանություններն իրենց համար անցանկալի լրագրողներից ազատվելու համար չպետք է այսպիսի ծայրահեղությունների գնան. - «Իշխանությունները սրանով հիմք են ստեղծում, որպեսզի շատ ավելի հարմարավետ պայմաններում իրենք աշխատեն, և այն լրագրողները, որոնք որ անցանկալի են իրենց համար, պետական մարմիններում կա՛մ չլինեն, կա՛մ շատ իրենց կաշկանդված զգան»։
Լրատվամիջոցը ինքը պետք է որոշի՝ արդյո՞ք այս կամ այն պետական կառույցում հավատարմագրում է իր ներկայացուցչին, թե ոչ։ Իսկ հավատարմագրման գործընթացը թույլ է տալիս լրագրողին մուտք գործել պետական կառույց՝ հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելու համար, - ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը. - «Հավատարմագրումը բացառապես տեխնիկական խնդիր է լուծում, որը պետք է ապահովի ֆիզիկական մուտքը, մատչելիությունը լրագրողների այս կամ այն պետական կառույցի շենքում»։
Օրենքի այս նախագիծը դեռևս Ազգային ժողովի օրակարգում չի ընդգրկվել։ Լրագրողական կազմակերպությունները պնդում են՝ վերջին տարիներին մեդիային առնչվող օրենսդրական փոփոխությունները ռեգրեսիվ բնույթ են կրում, քննադատվում տեղական և միջազգային կառույցների կողմից։
Վերջերս հրապարակված միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության տարեկան զեկույցում էր նշվում, որ Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է անարդար կերպով սահմանափակված մնալ՝ իշխանությունների ջանքերով։