Մատչելիության հղումներ

Մոսկվան և Անկարան Ռուսաստանից հեռացող արևմտյան ապրանքանիշերը թուրքականով փոխարինելու բանակցությունների նոր փուլ են սկսում


Մոսկվան և Անկարան Ռուսաստանից հեռացող արևմտյան ապրանքանիշերը թուրքականով փոխարինելու շուրջ բանակցությունների նոր փուլ են սկսում։ Այս մասին հայտարարել է թուրքական Hurriyet թերթը՝ վկայակոչելով Ռուսաստանի Առևտրի կենտրոնների խորհրդի նախագահ Դմիտրի Մոսկալենկոյին։

«Մենք մտնում ենք բանակցությունների նոր փուլ՝ Ռուսաստանը լքող ապրանքանիշերը թուրքական բրենդներով փոխարինելու համար: Մենք կանխատեսում ենք, որ այս տարվա աշնանը Ռուսաստանում մանրածախ առևտրի ոլորտում 3 միլիոն քառակուսի մետր տարածք թափուր կմնա, դա հավասար է 420 ֆուտբոլի դաշտի։ Թուրքական ընկերություններին, որոնք դեռ Ռուսաստանում չեն, հնարավորություն ենք տալիս ծանոթանալու առևտրի լավագույն կենտրոնների հետ՝ սկսած Մոսկվայից: Մենք բանակցություններ ենք վարում, որպեսզի թուրքական ընկերությունները երկար մնան Ռուսաստանում և շահավետ ներդրումներ կատարեն», - ասել է Մոսկալենկոն։

Անկարայի երկակի քաղաքականությունը հարցեր է առաջացնում Վաշինգտոնում

Մինչ արևմտյան երկրները Ռուսաստանի դեմ աննախադեպ պատժամիջոցներ են սահմանել և գնալով էլ ավելի են խստացնում դրանք, Անկարան փորձում է հնարավորինս շահել ստեղծված իրավիճակում․ նախօրեին նախագահ Էրդողանը ընդգծել էր, որ Թուրքիան բնական գազի կեսը ստանում է Ռուսաստանից, ուստի Անկարայի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն։ Թուրքիան, Էրդողանի խոսքով, այդ հարաբերությունները խզել չի կարող։

Ավելի վաղ թուրքական կողմը նաև հայտարարել էր, թե Ռուսաստանի դեմ աևմտյան պատժամիջոցներին չի միանա, ինչպես նաև հատուկ ավիաընկերություններ էր ստեղծել՝ ռուս զբոսաշրջիկներին թուրքական հանգստյան գոտիներ տեղափոխելու համար։

Մյուս կողմից, Թուրքիայի նախագահը փորձում է միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Արևմուտքի միջև․ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի մեկնարկից ի վեր Անկարան կողմերի միջև մի քանի հանդիպում է կազմակերպել։ Երկակի այս քաղաքականությունը հարցեր է առաջացնում Վաշինգտոնում։

The national interest-ը մասնավորապես գրում է․ - «Էրդողանը խաղում է հակամարտության երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում իր հզորությունը ամրապնդլու և տնտեսական օգուտներ քաղելու համար»:

«Թուրքիան ոչ վստահելի դաշնակից է դառնում» վերնագրով հոդվածի հեղինակը կարծիք է հայտնում, թե այս փուլում Ռուսաստանից տնտեսական օգուտներ ակնկալող Էրդողանը իրականում կարող է վտանգի տակ դնել իր երկրի տնտեսությունը, որը սերտ կապված է արևմտյան շուկաների հետ։

Սա, սակայն, խնդրահարույց միակ հարցը չէ․ Թուրքիան, գրում է ամերիկյան պարբերականը, գործնականում հրաժարվեց նաև միանալ ՆԱՏՕ-ի մյուս դաշակիցներին և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ խորհրդային զինատեսակներ ուղարկել Ուկրաինա: Այս ֆոնին, ըստ The national interest-ի, ավելի ակնհայտ են դառնում նմանությունները Էրդողանի և Պուտինի կառավարման միջև։

«Էրդողանիզմը պոպուլիստական ավտորիտարիզմի ձև է։ Այն կոռումպացված է, ազգայնական ու խտրական էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Երկու երկրներում էլ իշխանությունը ոչ թե ընտրողներին է ծառայում, այլ սպասարկում է ղեկավարության շահերը», - նշում է The national interest-ը։

Fox News-ի լրագրող Բենջամին Ուայնթալն էլ փաստել է՝ Ուկաինայի, ինչպես ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացրած Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում Թուրքիայի դիրքորոշումը վկայում է, որ Անկարան կարող է դառնալ Կրմելի գաղտնի զենքը Հյուսիսատլանտյան դաշինքում։

XS
SM
MD
LG