Եվրամիության գործադիր մարմինը հաջորդ ամիս իր կարծիքը կհայտնի Ուկրաինայի անդամակցության հայտի վերաբերյալ, ինչը կարևոր քայլ է մինչև 27 անդամ երկրների կողմից հարցի քննարկումը։ Այս մասին երեկ հայտնել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Թվիթերում նա գրել է, որ խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և անհամբեր սպասում է Ուկրաինայի անդամակցության հարցաշարի պատասխաններին։
Ավելի վաղ Ստրասբուրգում Եվրախորհրդարանում ֆոն դեր Լայենն ասել էր՝ Եվրոպայի ապագան նաև «Ուկրաինայի ապագան է»։
Ուկրաինային ԵՄ-ին անդամակցության թեկնածուի պաշտոնական կարգավիճակ տալու հարցը որոշելու են դաշինքի անդամները, որոնք հաշվի են առնելու Եվրահանձնաժողովի փորձագիտական խորհրդատվությունը։ Թեկնածու դառնալու դեպքում Ուկրաինան պետք է անցնի Միությանն անդամակցելու բարդ և երկարատև գործընթաց, որը ենթադրում է խիստ ժողովրդավարական և օրենքի գերակայության չափանիշների պահպանում: