Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում Եվրամիության պատվիրակության ղեկավարին է հանձնել լրացված հարցաթերթիկը, որն անհրաժեշտ քայլ է երկրի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։
«Նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասիին է հանձնել լրացված հարցաթերթիկը, որպեսզի մեր երկիրը ստանա ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ», - ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի ժողովուրդը ցանկանում է իրեն «Եվրոպայի մաս զգալ, Եվրամիության մաս»։
Նա շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին և Մատի Մաասիկասիին՝ հարցաթերթիկը տրամադրելու հարցում արագ աշխատելու համար։
«Մենք հավատում ենք, որ աջակցություն կստանանք և կդառնանք անդամակցության թեկնածու, դրանից հետո կսկսվի հաջորդ՝ եզրափակիչ փուլը», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։